ԱՄՆ Արեւմտյան թեմի CYMA կազմակերպության մի խումբ երիտասարդներ հյուրընկալվեցին Գուգարաց թեմում

Հայաստանաբնակ եւ սփյուռքահայ եկեղեցասեր երիտասարդության միասնականությունը եւ օգնականությունը մեկմեկու գովելի եւ ողջունելի նախաձեռնություն է:

ԱՄն Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանի օրհնությամբ եւ Մեթյու սարկավագի առաջնորդությամբ երկշաբաթյա այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Արեւմտյան թեմի CYMA կազմակերպության մի խումբ երիտասարդներ այս առաքելությամբ հունիսի 25-26-ին այցելեցին Գուգարաց թեմ: Գուգարաց թեմի առաջնորդարանում նրանց հյուրընկալեց թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ եպս. Չուլջյանը: Իր հայրական օրհնությունները եւ ողջույնները փոխանցելով երիտասարդներին` Սրբազան հայրը կարեւորեց սփյուռքահայ երիտասարդի սերն ու նվիրվածությունը Հայաստան աշխարհի եւ նրա հոգեւոր եւ մշակությաին արժեքների նկատմամբ: Ապա Սրբազանը հորդորեց Հայոց հողից երբեք չկտրվել եւ մշտապես այցելել Հայրենիք. «Այնպես, ինչպես ծնողին են սիրում ու երբեք երես չեն դարձնում նրանից` ինչ էլ որ լինի, նույնպես եւ Հայաստանը պիտի սիրես: Միայն այս դեպքում կարող ես արժանավորապես կրել հայ անունը»:

Հանդիպման ավարտին երիտասարդները այցելեցին թեմապատկան «Ծիծեռնակ» ճամբար, ապա ուխտավորի աղոթքներով ճանապարհ ընկան Հաղպատի եւ Սանահինի վանքեր: Երեկոյան հանգրվանը կրկին «Ծիծեռնակն» էր, ուր երիտասարդները ծանոթացան հանգստացող մանուկների հետ, մասնակից դարձան ճամբարի առօրյային ու գործունեությանը: Առավոտյան առաջնորդարանում նրանք հանդիպեցին թեմի եկեղեցասեր երիտասարդաց միության անդամների հետ: ջերմ եւ մտերմիկ մթնոլորտում երիտասարդները զրույցի բռնվեցին` ներկայացնելով Հայաստան գալու նպատակը, իրենց համայնքներում առկա խնդիրները: Սփյուռքահայ երիտասարդներին հետաքրքիր էր նաեւ հայաստանաբնակ երիտասարդների խնդիրները, միության գործունեությունը եւ առաջիկա ծրագրերը: Նրանք համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամություն հայտնեցին` հանուն մեր Մայր եկեղեցու եւ հայրենիքի պայծառացման:

Ուխտավորները ջերմ զգացումներով ու կրկին Գուգարաց թեմ այցելելու փափագով Վանաձորից ճանապարհվեցին Հաղարծին: