«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հիմնադրման 10- ամյակի առիթով տեղի ունեցավ «Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը
Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի 10-ամյակի առիթով տեղի ունեցավ «Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը։
Գիտաժողովին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներ, գիտնականներ և հասարակական գործիչներ։
Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանը։
Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը համաժողովի մասնակիցներին փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամն ու օրհնությունը։
Նորին Սրբության խոսքում մասնավորապես ասված էր․ «Աստծո բարեխնամ կամոք տասը տարի առաջ Մայր Աթոռում հիմնադրվեց մատենադարան՝ մեր Եկեղեցու արժանավոր զավակներ մեծահարգ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանների սրտաբուխ նվիրատվությամբ։
Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Սուրբ Էջմիածնի և ազգիս մեծանուն բարերարների անունով կոչված այս կարևոր հաստատությունն այսօր հանդիսանում է հայ տպագիր ժառանգության պահպանման և դպրության ու գիտական մտքի զարգացումը խթանող կաճառ։
...Առաքելական մեր Եկեղեցին, որի ծոցում սկզբնավորվել է հայկական դպրությունը, մշտապես հոգացել է մեր գրական ժառանգության պահպանման ու հարստացման համար։ Մեր վանքերում ու եկեղեցիներում շարունակ ընդօրինակվել են ձեռագրերը, կատարվել թարգմանություններ, ծնունդ առել ոչ միայն սուրբգրական, աստվածաբանական, այլև գիտական ուսումնասիրություններ ու գեղարվեստական գործեր՝ համոզումով, որ գիրքը, գիտությունն ու լուսավորությունը երաշխիքներն են զարգացման ու առաջընթացի։ Հայ գրական ժառանգությունը փորձություններով լի մեր պատմության մեջ մեր ժողովրդի համար եղել է նաև հայ քրիստոնեական հոգու կենսունակության ավիշ և ինքնության պահպանման զրահ ու հենարան։
...Մեր ժողովրդի կյանքում գրատպության ասպարեզում վճռորոշ եղավ 1771 թվականը, երբ երջանկահիշատակ Սիմեոն Ա Երևանցի Կաթողիկոսի ջանքերով հաստատվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանը։ Հայրենիքում հիմնված առաջին տպարանը կարևոր առաքելություն ստանձնեց հայ գրատպության բնագավառում, որով հետագայում Հայաստանում ծավալվեց ու զարգացավ գրատպությունը և գրադարանների ստեղծումը։ Այս առումով բնորոշ է նաև «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի կառուցումը և տասնամյա գործունեությունը՝ որպես լավագույն վկայություն, որ մեր Եկեղեցին շարունակելու է նպաստ բերել մեր դարավոր գրական ժառանգության պահպանմանը և մեր ժողովրդի գիտամշակութային կյանքի առաջընթացին»։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին և Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հիմնադրման 10-ամյակի առիթով իրենց շնորհավորանքները փոխանցեցին նաև ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժամունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Մեսսրոպ Մաշտոցի անվան Մատեդարանի գիտական գծով փոխտնօրեն, բ․գ․դ Կարեն Մաթևոսյանը, ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն, բ․գ․դ Աննա Չուլյանը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բ․գ․դ, պրոֆեսոր Վարդան Դևրիկյանը, Հայաստանի գրադարանների ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Նազարյանը և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական կենտրոնի ղեկավար, հ․գ․դ Կամո Վարդանյանը։
ՀՀ Ազգային գրադարանը հիմնադրման 10-ամյակի առիթով «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին պարգևատրեց «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով, իսկ Խ․ Աբովյանի անավան հայկական պետական մանկավարժական համալսարանը մատենադարանին վերադարձրեց մինչև 1922 թ․ Մայր Աթոռին պատկանած և տարբեր թվականներին հրատարակված 100 անուն գրքեր։ ՀՀ ԳԱԱ գիտական գրադարանն իր հերթին Մայր Աթոռի մատենադարանին ընծայեց «Հայ գիրքը Թուրքիայում» երկը։
Ապա «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի սրահներում զուգահեռաբար տեղի ունեցան «Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» գիտաժողովի բանախոսությունները։ Կազմակերպվեցին նաև թեմային առնչվող քննարկումներ և ամփոփումներ։