Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդեցին Քրիստոսահիմն Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց «Հրաշափառի» արարողություն։
Ամենանապատիվ Պատրիարքին միաբանության անունից ողջունեց և բարի գալուստ մաղթեց Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը։
Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Սուրբ Էջմիածնի միաբանությանը՝ ընդգծելով, որ հոգևոր մխիթարություն և օրհնություն է վերստին գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Ապա Վեհարանում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պոլսո Հայոց Պատրիարքի առանձնազրույցը:
Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքն իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: