Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ քահանաներին
Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն ավարտած նորաօծ յոթ քահանա հայրերին:
Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը, Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ եկեղեցականները, քառասնօրյա պատրաստության շրջանն անցնելով, պատրաստ են իրենց նվիրյալ ծառայությունը բերելու Հայ Եկեղեցու անդաստանում։
Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով նորաօծ քահանա հայրերին, հորդորեց լինել ազնիվ, քաջ և նվիրյալ հովիվներ, իրենց անմնացորդ սերն ու մշտական հայրական խնամքը ցուցաբերել հավատացյալների հանդեպ:
Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ եկեղեցականներն իրենց անսակարկ ու անձնդիր ծառայությամբ կնպաստեն Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և պատգամեց նորաօծներին պատասխանատվության մեծ գիտակցումով իրականացնել հոգեփրկչական իրենց առաքելությունը, Ավետարանի և սուրբ հայրերի պատգամների համաձայն հայորդիների մեջ հաստատել ու զորացնել սերը Եկեղեցու և Հայրենիքի նկատմամբ։
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանաներին և նրանց ընծայեց ձեռաց խաչեր և Սուրբ Հաղորդության մասնատուփեր: