Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին
Հունիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրինությանը և բուժանձնակազմին՝ գլխավորությամբ ԲԿ գործադիր տնօրեն պրոֆեսոր, բ.գ.դ. Արմեն Չարչյանի և առաջնորդությամբ կենտրոնի հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հովհաննես աբեղա Թորգոմյանի։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին առողջապահության ոլորտում իրենց ազգաշահ և աստվածահաճո առաքելության համար՝ գոհունակությամբ ընդգծելով, որ վերջիններս իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները ծառայեցնում են ի խնդիր բուժման կարիք ունեցող անձանց ապաքինման:
Հայոց Հովվապետն ընդգծեց, որ Եկեղեցին հոգեփրկչական իր առաքելության ճանապարհին մշտապես կարևորել է անձի ֆիզիկական առողջությունը՝ իբրև պայման աստվածաշնորհ կյանքը լիարժեքորեն ապրելու և բարի գործերով առավել արժևորելու։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը, անդրադառնալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությանը, նկատեց, որ կենտրոնը լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող հաստատություն, կոչված է առավել մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով իր անսակարկ ծառայությունը մատուցելու ազգի զավակներին։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծու օգնականությունն ու զորակցությունը հայցեց բուժաշխատողներին իրենց երախտարժան առաքելության մեջ: