Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպում

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպում 27.09.2024

Սեպտեմբերի 27-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների և ներկայացուցիչների հանդիպում, որին մասնակցում էին Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների առիթով Հայաստան ժամանած Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակություններ, Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ։

Քրիստոնեական Եկեղեցիներից և կազմակերպություններից միջեկեղեցական հանդիպմանը ներկա էին Հռոմի Կաթոլիկ, Ռուս Ուղղափառ, Ղպտի Ուղղափառ, Ասորի Ուղղափառ, Հնդիկ Մալաբար, Սերբիայի Ուղղափառ, Ռումինիայի Ուղղափառ, Բուլղարիայի Ուղղափառ, Չեխիայի և Սլովակիայի Ուղղափառ, Հունաստանի Ուղղափառ, Ֆինլանդիայի Ուղղափառ, Վրաց Ուղղափառ, Արևելքի Ասորական, Հայ Կաթողիկե, Ֆինլանդիայի Լյութերական, Հայ Ավետարանկան Եկեղեցիների, Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքության, Ռենովաբիս բարեգործական կազմակերպության, Եկեղեցիների Համաշխարհային և Եվրոպական Խորհրդի պատվիրակություններն ու ներկայացուցիչները:

Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Հայր Սուրբն իր խոսքում անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի կյանքում Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման կարևորությանը, ինչպես նաև իր երախտագիտությունը հայտնեց Քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներին սրբազան արարողություններին մասնակից և աղոթակից լինելու համար։

Այնուհետև ուրախալի այս առիթով իրենց հովվապետերի ուղերձներով և ողջույնի խոսքերով հանդես եկան Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու ներկայացուցիչ կարդինալ Լեոնարդո Սանդրին, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի ներկայացուցիչ Սմոլենսկի և Դորոգոբուժի Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Իսիդորը, Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցուց Արքեպիսկոպոս Տապիո Լուոման, Անտիոքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Բեյրութի արքեպիսկոպոս Գերաշնորհ Մոր Կլեմիս Դանիել Կյուրիեն, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի Կենտրոնական կոմիտեի ատենապետ դոկտոր Հենրիխ Բեդֆորդ-Սթրոհմը, Եվրոպայի Եկեղեցիների խորհրդի նախագահ Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Նիկիտասը, Փարիզի և Հյուսիսային Ֆրանսիայի Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մարկ եպիսկոպոսը, Հունաստանի Ուղղափառ Եկեղեցուց Սալոնիայի առաջնորդ Գերաշնորհ Իգնատիոս եպիսկոպոս Սոտիրիադիսը, Ռումին Ուղղափառ Եկեղեցուց Գերաշնորհ Վառլաամ եպիսկոպոս Պլոիեշտեանուն, Հնդիկ Մալանկարա Եկեղեցու Եպիսկոպոսական Սինոդի քարտուղար, Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Յուհանոն Մար Քրիսոստոմոսը, Չեխիայի և Սլովակիայի Ուղղափառ Եկեղեցուց Միխալովեցկի և Կոշիցեի առաջնորդ Գերաշնորհ Յուրայ արքեպիսկոպոսը, Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Լիպլյանի առաջնորդ Գերաշնորհ Դոսիտեյ եպիսկոպոսը, Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցուց Տիմո ավագ քահանա Տինքկինեն, Ռենովաբիս բարեգործական կազմակերպությունից դոկտոր Մարկուս Ինգենլաթը և Արևելքի Ասորական Եկեղեցու Իրանի, Հայաստանի ու Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Նարսայ եպիսկոպոս Բենիամինը։

Հանդիպման ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես եկավ Հայաստանի «Նոր անուններ» երաժշտական խումբը։
Վերջում աշխարհի տարբեր վայրերից Մայր Աթոռում համախմբված եկեղեցականներին իր ողջույնը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հայոց Հայրապետը, իր ողջույնները բերելով քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներին, ի մասնավորի ընդգծեց. «Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման այս նվիրական առիթով մենք բոլորս հավաքվել ենք այստեղ՝ որպես մեկ Աստծո զավակներ։ Մեր խորը զգացվածությունն ենք արտահայտում Հայոց Եկեղեցու կյանքում կարևորագույն այս արարողություններին ձեր մասնակցության համար: Ձեզանից յուրաքանչյուրի աղոթական ներկայությունը Մայր Աթոռում քաջալերանք և զորակցություն է մեր ժողովրդի զավակներին և հավաստիքն է մեր ազգի և Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ տածած ձեր անկեղծ հարգանքի»։

Իր խոսքում, անդրադառնալով Մայր Տաճարի խորհրդին, Հայոց Հովվապետը նշեց. «Քրիստոսահիմն և լուսավորչահաստատ Մայր Տաճարը հայ ժողովրդի կյանքի, նրա մաքառումների ու հաղթանակների, նրա կորուստների ու ձեռքբերումների վկան է, որտեղից դարեր շարունակ հավատքի շողեր են ցոլացել ու զորացրել հոգիները հայորդյաց, ինչպես և բազում ուխտավորների և այցելուների»։

Ամենայն Հայոց Հայրապետը, անդրադարձ կատարելով Սուրբ Էջմիածի և քույր Եկեղեցիների միջև առկա հարաբերություններին և փոխգործակցությանը, հաստատեց, որ Հայոց Եկեղեցին միջեկեղեցական այցերի, համատեղ ձեռնարկների ու ծրագրերի միջոցով մշտապես իր օգտակար ներդրումն է բերել միջեկեղեցական հարաբերությունների սերտացման և արգասավորման գործում և նպաստել քրիստոնեական համերաշխության և եղբայրսիրության ոգու
ամրապնդմանը։

«Եղբայրական այս սիրո ականատեսը եղանք մեր երկրի և ժողովրդի համար աղետալի շրջանում, երբ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ լայնածավալ պատերազմական գործողություններ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ։ 2023 թվականին Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը։ Այդ տագնապալի օրերին մեր քույր Եկեղեցիները զորավիգ եղան մեզ իրենց աղոթքներով, ընդդեմ անարդարության ու ոճրագործության իրենց ընդվզումով։ Այսօր էլ հետևողական ջանքեր են անհրաժեշտ գործադրել բռնի տեղահանված արցախցիների՝ հայրենի բնօրրան վերադարձի իրավունքի պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և տակավին գերության մեջ գտնվող մեր զավակների ազատ արձակման համար»,-ասաց Նորին Սրբությունը՝ իր երախտագետ զգացումները փոխանցելով քույր Եկեղեցիներին և միջեկեղեցական կառույցներին հայ ժողովրդին դժվարին այս տարիներին ցուցաբերած զորակցության համար։

Հայոց Հայրապետը խոսեց նաև քույր Եկեղեցիների և Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի միջև ձևավորված սերտ գործակցության մասին, որի շնորհիվ զորանում է փոխըմբռնման և միմյանց նեցուկ լինելու ոգին։

«Հիրավի, հակառակություններով փոթորկահույզ մերօրյա աշխարհում այս է ճանապարհը կասեցնելու աստվածամերժ ընթացքները, կանխելու աղետաբեր ողբերգություններն ու արհավիրքները, դիմակայելու անհատի և ժողովուրդների արժանապատվության, իրավունքների ու արդարության ոտնահարման դատապարտելի դրսևորումներին»,-ընդգծեց Հայոց Հովվապետը՝ հորդորելով Քրիստոսի օրինակով լինել սիրո և կարեկցանքի փարոսներ այս աշխարհում։

«Քրիստոսին և Նրա հոտին ծառայելու մեր առաքելության մեջ միասնությունը մեր առաջնորդող լույսն է։ Ուստի շարունակենք մեր ճանապարհը՝ միմյանց նկատմամբ հոգատարությամբ, սիրով ու հարգանքով»,-պատգամեց Հայոց Հայրապետը՝ հայցելով, որ Երկնավոր Տերն Իր երկնահեղ շնորհների ներքո պահի աշխարհը և պարգևի խաղաղ, ապահով ու բարօր կյանք բոլոր ժողովուրդներին և օրհնի Իր Սուրբ Եկեղեցին և Տիրոջ այգու անհոգնաբեկ բոլոր մշակներին: