Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը
Հուլիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու սոցիալական բաժնի պատասխանատու Չիպրիան քահանա Իոն Լոնիտային և ֆինանսական բաժնի պատասխանատու Ջորջ քահանա Ալեքսանդրու Լեպադատուին՝ ուղեկցությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի։
Տաթև Սրբազանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնելով հյուրերին՝ տեղեկացրեց, որ Ռումին Եկեղեցու ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ծանոթանալու արցախահայերի առջև ծառացած մարտահրավերներին, նրանց սոցիալական կացությանն ու կարիքների գնահատման արդյունքում մշակել աջակցության ծրագրեր, որոնք կիրականացվեն Ռումին Եկեղեցու հետ համատեղ։
Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով հյուրերին, իր եղբայրական սերն ու շնորհակալությունը փոխանցեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքին և իր գնահատանքը հայտնեց Ռումինիայի իշխանություններին Հայաստանին ու արցախահայությանը ցուցաբերվող աջակցության համար։ Նորին Սրբությունը նկատեց, որ այս նախաձեռնությունը ևս մեկ վկայություն է հայ և ռումին ժողովուրդների ու Եկեղեցիների միջև ձևավորված դարավոր բարեկամության։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու երկրների միջև առկա սերտ հարաբերությունների հիմքում իր կարևոր դերակատարությունն ունի ռումինահայ համայնքը, ով իր ակտիվ մասնակցությունն է բերում Ռումինիայի կյանքի զարգացման գործընթացին։
Իր հերթին Չիպրիան քահանան, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցելով Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքի ողջույնները, ընդգծեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական բաժնի հետ համագործակցաբար ջանքեր կգործադրեն ի նպաստ հայրենազրկված արցախահայերի սոցիալական կացության բարելավման և առկա խնդիրների հաղթահարման։