2018-2019 թթ. ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողություն Մայր Աթոռի «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցում
Սեպտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցում տեղի ունեցավ 2018-2019 թթ. ուսումնական տարվա հանդիսավոր բացումը:
Ողջույնի խոսքով հանդես եկան «Էօռնեկյան» դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը։
Նոր ուսումնական տարվա առիթով աշակերտներին շնորհավորեց նաև Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը։
Այնուհետև Նորին Սրբությունն իր հայրապետական օրնությունը բերեց ներկաներին` կարևորելով կրթության դերն ու նշանակությունը հասարակության կյանքում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդգծեց, որ կրթությունն իբրև հզոր զենք կարող է փոխել աշխարհը և մարդկային կյանքը՝ հույս հայտնելով, որ աշակերտները կարդարացնեն ամենքի բարի սպասումները և իբրև հայրենիքի ուսյալ զավակներ կկերտեն հզոր երկիր` ապահովելով երկրի խաղաղությունն ու բարօրությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքները հղեց Մայր Աթոռի ազնիվ բարերար Էդուարդո Էօռնեկյանին, որն իր մշտամնա հոգտածությունն է ցուցաբերում դպրոցին։
Հանդիսության ավարտին Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բաշխեց առաջին դասարանցիներին, նաև մասնակցեց տասներկուերորդ դասարանցիների առաջին դասին։
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, ինչպես նաև բարերար Էդուարդո Էօռնեկյանի ներկայացուցիչներՄիսակ Բալողլուն և Սուրեն Սարգսյանը։
«Էօռնեկեան» հանրակրթական դպրոցն ունի 516 աշակերտ, որոնցից 48 առաջին դասարանի սաներ են։