2015 թ. Մայր Աթոռում տեղի կունենա կոնֆերանս «Կրոնները հանուն խաղաղության և համերաշխության, հոգևոր առաջնորդների դերը տարածաշրջանի խաղաղության գործում» խորագրով
Նոյեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների «Գևորգ Զ Չորեքչյան» կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու, Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի ատենապետ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական պարոն Մաջիդ Մեշքիի միջև: Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի անդամ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և ԻԻՀ Ղոմ քաղաքի կրոնագիտական կենտրոնի միջազգային հարաբերությունների վարչության համատեղ ջանքերով Մայր Աթոռում 2015 թ. անցկացվելիք «Կրոնները հանուն խաղաղության և համերաշխության, հոգևոր առաջնորդների դերը տարածաշրջանի խաղաղության գործում» խորագրով կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքները:
Անդրադարձ եղավ նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: Զրուցակիցները խստորեն դատապարտեցին կրոնական ծայրահեղության որևէ դրսևորում` այն համոզմամբ, որ որտեղ կա հավատն առ Աստված, այնտեղ պետք է լինի սեր և համերաշխություն: