Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում 28.09.2005

Սեպտեմբերի 25-ին` Վարագա Սբ. Խաչի տոնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ այս ամսվա ընթացքում թվով արդեն երրորդ քահանայական ձեռնադրությունը:
Տ. Տարոն եպս. Ճերեճյանը քահանայության կոչեց 7 սարկավագների` նրանց շնորհելով հոգեւոր նոր անուններ: Գեւորգ սրկ. Միրզոյանը վերանվանվեց Տ. Շահան, Հովհաննես սրկ. Ռուշանյանը` Տ. Ներսես, Վախթանգ սրկ. Առաքելյանը` Տ. Վահան, Հովհաննես սրկ. Հակոբյանը` Տ. Վարագ, Սանասար սրկ. Ղուլիկյանը` Տ. Տարոն, Սարգիս սրկ. Յազիչյանը` Տ. Զավեն, Արտյոմ սրկ. Անանյանը` Տ. Շահե:
«...Ձեր պաշտոնավարման սկզբից քառասնօրյա խոկումի եւ պատրաստության շրջանից հետո առաջին իսկ օրը, երբ սկսեք, ջանացեք ձեր կապը անխախտ պահել ձեր ծուխի ու համայնքի յուրաքանչյուր հայի, ամեն հավատավոր զավակի հետ: Քանդակագործի նման հավաքան աղոթքներից, քարոզներից ու հավաքույթներից հետո ամեն մեկ հայի հետ կարողացեք պահել ձեր հարաբերությունը` քանդակելու համար նրա մտքի եւ սրտի մեջ քրիստոնեական մեր Ս. Եկեղեցու վարդապետությունը, հայ ժողովրդի դարավոր արժեքները, գիրը, լեզուն եւ որպես հայ ապրելու կոչումը: Ձեր ուսման շրջանը այսօր առավել եւս նոր է սկսվում, որովհետեւ մինչեւ այսօր ամբարեցիք, այսուհետեւ պիտի բաշխեք, ուրիշներին պիտի հասնեք տալու»,- իր պատգամը նորընծաներին հաղորդեց Տարոն Սրբազանը:
Նույն օրը, երեկոյան ժամերգության ժամանակ, կատարվեց նաեւ վեղարի տվչության արարողություն: Տ. Տարոնը, Տ. Զավենը եւ Տ. Շահենը որպես կուսակրոն քահանաներ, ստացան վեղար` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը:
2005 թ.-ին ձեռնադրվել է արդեն 26 հոգեւորական, որոնցից 23-ը` սեպտեմբեր ամսին: