Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսրայելի գլխավոր ռաբբիին
Նոյեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով երկօրյա այցով Հայաստան է ժամանել Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերի գլխավորած պատվիրակությունը: Սա պատմության մեջ Իսրայելի գլխավոր ռաբբիի առաջին այցն է Հայաստան:
Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ռաբբի Յոնա Մեցգերին:
Ողջունելով Իսրայելի գլխավոր ռաբբիի պատմական այցը Մայր Աթոռ` Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությանն ու առաքելությանը, հոգևոր կյանքի ներկայիս վերակառուցմանը:
Իր հերթին, Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը, շնորհակալություն հայտնելով սքանչելի և հուզիչ ընդունելության համար, խոսեց երկու ժողովուրդների միջև առկա ջերմ հարաբերությունների և հավատների ընդհանրությունների մասին:
Հանդիպմանը նաև նշվեց, որ պատմական ընթացքները ավելի մերձեցրել, եղբայրացրել են հայ և հրեա ժողովուրդներին և նրանց մեջ զորացրել փոխադարձ սերը և հարգանքը: Անդրադարձ կատարվեց եկեղեցականների և ռաբբիների պատրաստության խնդրին:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Նոյեմբերի 22-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Իսրայելի գլխավոր ռաբբին կայցելեն Ծիծեռնակաբերդ, կլինեն Ցեղասպանության թանգարանում: Նույն օրը նախատեսվում է հանդիպում ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: