Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ 05.01.2005

(Սուրբ Էջմիածին, 2005 թ. հունվարի 6)

«Եւ ծանիջիք զճշմարտութիւնն

- ճշմարտութիւնն ազատեսցէ զձեզ»

(Հովհ. 8. 32):

Սիրելի ժողովուրդ,

Սուրբ Ծննդյան ավետիսով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք ձեզ ի Հայաստան եւ ի Սփյուռս եւ ձեզ հետ միասին փառավորելով մեր Փրկիչ Տիրոջ Անունը, Իջման Սուրբ Սեղանի առջեւ հնչեցնում ենք Տերունական խոսքը. «Եվ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կազատի»:

Ճանաչել ճշմարտությունը: Որքան երկար է փնտրել մարդը այն` հին աշխարհից մինչ օրս իր փնտրտուքը արտահայտելով իմաստասիրական մտածումներով, արվեստի ու գրականության կերպավորումներով, ընկերային կյանքի վերափոխությունների ու բարեկարգությունների ծրագրերով: Մարդկության լավագույն մտքերը, ազնիվ ձգտումներն ու ջանքերը ուղղվել են այդ փնտրտուքին` ո°րն է ճշմարտությունը: Մարդը փնտրել ու փնտրում է ճշմարտությունը իր աշխարհում, բայց աստվածային բարձունքներից է ճշմարտությունը պարզվել մարդկությանը` Բեթղեհեմի աստղալույսով առաջնորդելով դեպի մսուրի մեջ ծնունդ առած Փրկիչ Մանուկը: Մարդացյալ Աստվածորդին է ճշմարտությունը, որ վկայեց Աստծո անբավ Սերը արարածներիս հանդեպ: Աստծուց հեռացած մարդը երբեք չպիտի հուսար տեսնելու կամ ճանաչելու ճշմարտությունը, բայց Հիսուսով ճշմարտությունը ինքը մեր մեջ է` աստվածայինը միավորելու համար մարդկային մեր կյանքին: Իր Հայտնությամբ Հիսուս ճշմարտության սահմանները դուրս բերեց մարդկային կյանքի սահմանափակումներից, մարդկային չափանիշներից եւ տարավ դեպի հավիտենականը. «Ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը եւ կյանքը» (Հովհ. 14.6):

Այսօր մարգարեներն են խոսում, որ պատգամաբերը եղան փրկության մասին Աստծո խոստումի եւ սպասեցին ու հուսացին Փրկչին. այսօր Մանուկ Փրկչին իրենց ընծաներն են մատուցում իմաստուն մոգերը, որ տեսան երկնքում պայծառ շողացող աստղը եւ ընթացան դեպի փրկությունն աշխարհի. այսօր հովիվները` երկնքի բացված ողորմության առջեւ ձայնակից հրեշտակներին, օրհնաբանում են խանձարուրի մեջ մսուրում դրված Փրկիչ Մանկանը: Նրանք ճանաչեցին աշխարհ մտած Աստծո շնորհը, որը ազատում է չարիքներ ծնող մեղքից, հեռու պահում մոլորություններից, պահպանում կործանարար ճանապարհներից: Ոչինչ այլ բան, մարդկային ոչ մի ստեղծագործություն, ծրագիր չի կարող նորոգել, վերափոխել մարդու հոգին, բայց միայն մարդկային կյանքում Աստծո ներկայության հավատը, որով իրականանում է հոգեւոր վերածնությունը եւ բարոյական առաջադիմությունը մարդկության:

«Եվ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կազատի» հնչում է շուրջ երկու հազար տարի, որ մարդկության հայացքը վեր գնա ու տեսնի փրկության լույսը եւ հավատա, որ Քրիստոսով ազատ է ինքը, հավատա, որ Քրիստոսով բաց է ճանապարհը դեպի ճշմարտության, արդարության ու սիրո աշխարհը: Հավատն անկարոտ է ապացույցների, բայց հավատի ապացույցը վերանորոգվող հոգին է, ճշմարտությամբ ազատ հոգին, որը ձգտում է վերափոխել աշխարհը, առաջնորդել դեպի բարին, դեպի ճշմարիտը:

Տագնապներ են տիրում այսօր աշխարհի տարբեր կողմերում, մարդկության առջեւ բարձրանում են պետությունների ու ժողովուրդների հարաբերությունների հարցեր, հասարակական կյանքի վերափոխումների պահանջներ, բնական աղետներ եւ մարդկային գործունեության արդյունքում ծնունդ առած արհավիրքներ, ընկերային, բարոյական եւ բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց վճռման համար մարդիկ փնտրում են գտնելու ճիշտ պատասխանները ու ճիշտ ճանապարհները: Մարդկային ամեն որոշում, ամեն գործունեություն Աստծո ներկայության հարաբերությամբ է, որ հաստատվում է իր արժեքի մեջ` բարի է, թե չար, ընդունելի, թե մերժելի, ժամանակավոր ու անցողիկ է, թե հավիտենական ու անկորնչելի` կյանքը դեպի բարօրություն ու երջանկություն առաջնորդող: Փրկչի հետ է, որ մենք ճշմարտապես ազատ ենք եւ մեր քայլերով ու որոշումներով կարող ենք աշխարհում հաստատել արդարությունը` հակառակ անիրավության, սերը` հակառակ ատելության ու թշնամանքի, խաղաղությունը` հակառակ բռնության ու պատերազմի:

Սիրելի բարեպաշտ հայորդիներ,

Քրիստոսով մարդկությանը հայտնված ազատարար ու փրկարար ճշմարտությունը լուսավորել է մեր ժողովրդի անցյալի ճանապարհը ու պիտի լուսավորի մեր ներկան ու գալիքը: Ճանաչեցինք ճշմարտությունը, որը կերտեց ստեղծարար, հանճարածնունդ ոգին մեր մշակույթի, կերտեց մեր պատմությունն առաջնորդող վերածննդի ոգին: Ստեղծեցինք կյանքի սիրով, ապրելու հավատով, ապրեցինք ու նահատակվեցինք Քրիստոսի ազատ ժողովուրդ ու երկիր լինելու ձգտումով: Հողմերից հալածված ուր էլ սփռվեցինք, մեր հոգեւոր երկնքում բարձր ու անմար շողաց Բեթղեհեմի աստղալույսով վառված Լուսավորչի Կանթեղը, որ անստվեր լույսով պահպանեց մեզ միասնական ու ամբողջական, պահպանեց հույսերը մեր ժողովրդի` խաղաղ ու հաշտ աշխարհի եւ իր միացյալ կյանքի ու պայծառ գալիքի:

Աստվածատես ազատ հոգու շնորհներով են ծնունդ առել Մաշտոցյան ոսկեղենիկ մեր գրերը, որոնց 1600-ամյակը պիտի տոնախմբենք այս տարի` ոգեկոչելով Աստվածաշունչ Մատյանի հայերեն թարգմանության ու Սահակ-Մեսրոպյան կրթության ու լուսավորության սուրբ հիշատակները: 90-ամյա տարելիցն ենք նշելու նաեւ Մեծ Եղեռնի` հաստատելով մեր հավատարմությունը անթիվ մեր նահատակների հավատքին, հայոց նոր կյանքի նրանց տեսիլքին: Մեր անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչումով վերստին պիտի հնչեցնենք հրավերը Ցեղասպանության ճանաչման` հանուն բռնություններից ազատ, արդար աշխարհի: Փառք Տիրոջը, Հայաստանի անկախությունը եւ Արցախի ազատագրությունը հույսի դռներն են բացել արդարության հաղթանակի, հայրենի հողում մեր ժողովրդի ապահով կյանքի ու արարումների, որոնք պիտի լինեն ի Քրիստոս մեր հավատի նոր վկայություններ: Հայաստանում, Արցախում եւ աշխարհի բոլոր կողմերում մեր ժողովուրդը այսօր զարթյալ հավատով մարմնավորում է ստեղծագործ կյանքի իր դարավոր երազները ու պիտի շարունակի իր ավանդը բերել պետությունների ու ժողովուրդների խաղաղասեր ջանքերին:

Սիրելի ժողովուրդ հայոց, Բեթղեհեմի աստղն այսօր առաջնորդում է մեզ դեպի մսուրը Փրկչի, ուր հավիտենականը ծնունդ առավ, անպարփակելին պարփակվեց, անիմանալին ազատարար ճանաչվեց: Չվարանենք ճշմարտությունը ճանաչելու, բարին գործելու, միմյանց ծառայելու, Քրիստոսին ծառայելու: Մի կողմ թողնենք այն ամենը, ինչ պիտի խանգարի մեզ հետեւելու Նրա լույս ընթացքին, Նրա ազատարար ընթացքին: Ազատությունը այն մեծագույն շնորհն է, որի մեջ պիտի պտուղներ տան մեր հույսերն ու ձգտումները` կառուցելու խաղաղ ու բարօր կյանք, ազատ հասարակություն: Մեր Հայրենիքի ազատությունը ոչ միայն պիտի պաշտպանենք, այլեւ ազատություն դարձնենք յուրաքանչյուրիս համար: Ազատությունը բարու մեր ընտրությունն է, որը նաեւ պայքար է չարի դեմ: Քրիստոսասեր, ճշմարտասեր մեր գործերով պիտի մեր հողից վերացվեն աղքատության եւ օրինազանցության չարիքը, մեր իրականությունից դուրս մղվեն անտարբերությունն ու անհանդուրժողությունը եւ հաստատվեն ճշմարիտ մարդասիրության բարիքները: Մեր եղբայրության մեջ, մեր արդարության մեջ, մեր սիրո մեջ է, որ պիտի հաջողվեն մեր ծրագրերն ու գործերը` ուղղված մեր Հայրենիքի շինությանն ու զորացմանը, ընկերային կյանքի վերափոխությանը, Սփյուռքում ազգային կյանքի պահպանությանն ու զարթոնքին, մեր զավակների կրթությանը, մեր մշակույթի զարգացմանը եւ մեր ժողովրդի բոլոր իղձերի իրականացմանը:

Փրկչի օրհնությունն է իջնում աշխարհին: Աստվածակառույց Սուրբ Էջմիածնից, մեր Տիրոջ եւ Փրկչի Իջման Սուրբ Սեղանից Սուրբ Ծննդյան ավետիսն ենք հղում եւ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը` ի սփյուռս աշխարհի հավատավոր համայն մեր ժողովրդին: Ողջույն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետության Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ. Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին, Հայ Եկեղեցու ուխտապահ ու նվիրյալ ողջ հոգեւոր դասին:

Աստվածահայտնության օրհներգությունը Մեր շուրթերին, սիրով ի Քրիստոս ողջունում ենք մեր քույր եկեղեցիների հոգեւոր պետերին եւ Տիրախնամ նրանց հոտին:

Հայրապետական օրհնությամբ Սուրբ Ծննդյան Մեր բարեմաղթություններն ենք բերում Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Ռոբերտ Քոչարյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Արկադի Ղուկասյանին, հայոց ողջ պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու միջազգային կազմակերպությունների բոլոր ներկայացուցիչներին:

Ծունր դնենք Մանուկ Հիսուսի սնարի առջեւ եւ հայցենք, որ Աստծո ներկայությամբ վերանորոգվող հոգին նաեւ մերը լինի եւ դեպի բարին ու ճշմարիտը առաջնորդվող կյանքը նաեւ մեր կյանքը լինի Մայր Հայրենիքում եւ Սփյուռքում: Աղոթենք միասնաբար, որ Բարեգութն Աստված Սուրբ Հոգու մխիթարությամբ սփոփի Հեռավոր Արեւելքի երկրներում բնական աղետից տուժած հազարավոր մարդկանց սրտերը եւ իր անբավ ողորմությամբ հանգստություն շնորհի զոհվածների հոգիներին: Թող երկնառաք խաղաղությունը հաստատվի համայն աշխարհում` ի մասնավորի այսօր պատերազմի վտանգների մեջ ապրող ժողովուրդների կյանքում, եւ թող աստվածատես ճանապարհները առաջնորդեն մարդկության ընթացքները դեպի հաշտության, արդարության ու եղբայրության եզերքներ, դեպի ավելի ու ավելի բարօր, առաջագնաց ու երջանիկ կյանք, դեպի փրկություն եւ հավիտենություն:

Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ,

Ձեզ եւ Մեզ Մեծ Աւետիս. Ամէն: