Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Իսրայելի գլխավոր ռաբբին եղան Ծիծեռնակաբերդում
Նոյեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը այցելեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հայոց Հայրապետը և Իսրայելի գլխավոր ռաբբին պատվիրակությունների ուղեկցությամբ եղան Ցեղասպանության թանգարանում, ուր ռաբբի Մեցգերը հիշատակի մոմ վառեց և գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում: Այնուհետև Հայոց Եղեռնի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ զետեղելուց հետո երկու կրոնապետերն իրենց հարգանքը և աղոթքը մատուցեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
«Ուշադրություն մի՛ դարձրեք քաղաքական, միջազգային դատողություններին: Մենք իբրև մեր կրոնական համայնքների կրոնապետեր պարտավոր ենք հիշեցնել մեր ժողովուրդներին այդ սարսափելի սպանությունների մասին և հիշել ու պահպանել դրանց հիշատակը», - իր խոսքում մասնավորաբար ասաց Իսրայելի գլխավոր ռաբբին` խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Անդրադառնալով ցեղասպանություն եզրի գործածությանը` ռաբբի Մեցգերը նշեց. «Անտարակույս, ես կիրառում եմ այդ տերմինը: Եւ այն փաստաթղթերն ու լուսանկարները, որ մենք տեսանք թանգարանում, խոսուն վկայությունն են այդ ողբերգության: Թանգարանում շրջելիս մենք խեղդվում էինք արցունքներից, և դրանք կեղծ չէին: Ոչ ոք չի կարող նույն խորությամբ զգալ այդ ամենը, ինչպես մենք` հրեաներս»:
Վերջում տեղի ունեցավ ծառատունկ:
Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Իսրայելի գլխավոր ռաբբին հանդիպում ունեցան ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Ռաբբի Յոնա Մեցգերի գլխավորած պատվիրակությունը այցելեց նաև ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա և Մատենադարան, ուր ծանոթացավ գիտական կենտրոնների գործունեությանը և հայ մշակույթի հնագույն և միջնադարյան ձեռագիր նմուշներին: