Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետին
Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Բենեդիկտ ԺԶ Պապին` Հռոմի եպիսկոպոս եւ Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ ընտրվելու առիթով:
Հայրապետական շնորհավորական գրի մեջ մասնավորաբար ասվում է.
«Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս
Կիսելով հավատավոր Ձեր հոտի ուրախությունը` Մենք, որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս, եղբայրական Մեր սերն ու շնորհավորանքն ենք հղում Ձերդ Սրբությանը, Հռոմի եպիսկոպոս եւ Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ ընտրվելու առիթով:
Օրհնյալ է երանաշնորհ Մեր նախորդ Հայրապետների լույս հիշատակը, որոնց նվիրյալ ջանքերի շնորհիվ եղբայրական սերտ համագործակցությունը մեր Եկեղեցիների միջեւ զգալի առաջընթաց եւ զարգացում արձանագրեց: Այս առումով նշանակալի վկայություններ էին երջանկահիշատակ Հովհաննես Պողոս Բ Պապի պատմական այցը Հայաստան եւ Հայոց Ցեղասպանությունը դատապարտող մեր համատեղ հայտարարությունը, որը մխիթարություն եղավ մեր ժողովրդին` հատկապես այս օրերին, երբ ազգովի հիշատակում ենք Մեծ Եղեռնի 90-ամյակը:
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, վստահ ենք, որ Ձեր գահակալության ընթացքում մեր Եկեղեցիների գործակցությունը առավել պիտի զորանա` ի բարօրություն մեր հավատացյալների: Մեր աղոթքն է, որ Հարուցյալ Տիրոջ սերը եւ խաղաղությունը ամենուր եւ ամենայն ժամ լինեն մեզ հետ` մարդկանց սրտերում զորացնելով հավատն առ բարին եւ հույսը գալիքի հանդեպ:
Այլեւ հայցում ենք, որ Ամենակարող Աստված պարգեւի Ձերդ Սրբությանը քաջառողջություն, ուժ, անսպառ եռանդ եւ իմաստություն` հարանորոգ հաջողություններով եւ իրագործումներով պսակելով Ձեր նվիրյալ ջանքերը Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետիդ բարձր ու պատասխանատու առաքելության մեջ»: