Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահին
Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
«Մենք ուրախ ենք, որ մեր ժողովուրդների հարաբերությունները այսպես սերտ եւ ջերմ զարգանում ու առաջընթաց են ապրում մեր երկու երկրներում: Եվ այդ ուրախությունը համակում է մեր ողջ ժողովրդին»,-ասաց Նորին Սրբությունը` ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Վեհափառ Հայրապետը մասնավոր իր գոհունակությունը հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության տարվա հաջող անցկացման առիթով` անդրադարձ կատարելով երեկ Ազգային ժողովում բացված ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի օրերին: Հայոց Հայրապետը բարձր գնահատեց այն սերտ համագործակցությունը, որ առկա է տարբեր մակարդակների վրա եւ զանազան ոլորտներում, ինչն առավել ամրապնդում եւ զարգացնում է երկու ժողովուրդների միջեւ դարերով կերտված բարեկամությունը:
Իր հերթին, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, անդրադարձավ այցի մանրամասներին եւ միջտարածաշրջանային համագործակցությանը նվիրված հերթական կոնֆերանսին: «Մենք մշտապես պահպանում եւ ամրապնդում ենք մեր պատգամավորների կապերն ու բարիդրացիական հարաբերությունները եւ մտադիր ենք ընդլայնել այդ համագործակցությունը»,- նշեց Դաշնության խորհրդի նախագահը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջեւ առկա ջերմ հարաբերություններին եւ համագործակցությանը տարբեր ոլորտներում, կարեւորվեց նրանց առաքելությունը ժողովուրդների կյանքում: Հաստատվեց, որ միայն Աստծո հետ ապրող, իրենց կյանքը հոգեւոր արժեքների վրա խարսխող ժողովուրդներն են, որ ապրում են երջանկության եւ բերկրանքի մեջ` վայելելով Աստծո օրհնությունը:
Հանդիպմանը ներկա էին Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը եւ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: