Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Ձեռամբ Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի Մայր Տաճարում ձեռնադրվեցին 2 նոր քահանաներ
Փետրվարի 19-ին, Սրբոց Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի քահանայական ձեռնադրություն եւ օծում ստացան 2 սարկավագներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սբ. Պատարագ, որի ընթացքում ձեռնադրող Սրբազան Հայրը մեկառմեկ օծեց ընծայացուների ճակատները, աջ եւ ձախ ձեռքերի ափերը` նոր անուններով կոչելով նրանց. Արմեն սրկ. Դեւեջյանը վերակոչվեց Տ. Կտրիճ քահանա, իսկ Վարդան սրկ. Մովսիսյանը` Տ. Շահան քահանա:
«Ահա այսօր սրբոց Վարդանանց նվիրական տոնի օրը, երբ մենք ողջ եկեղեցով նշում ենք Ավարայրի ճակատամարտում հոգեւոր եւ բարոյական հաղթանակ տարած ս. Վարդան Մամիկոնյանի եւ նրա հետ նահատակված 1036 զինվորների անմար հիշատակը, այսօր մեզ համար այն դառնում է ավելի նվիրական եւ ավելի սուրբ, որովհետեւ այսօր կարծես թե ավելի քրիստոնյա ենք դառնում, քանզի Վարդանանց ոգին եւ շունչն են ներշնչում մեզ: Այսօր պատմությունը ապրելու եւ այդ պատմության խորհուրդը գիտակցելու օրն է: Այսօր մենք ս. Վարդանի ու 1036 նահատակների աննկուն ոգու կրողներն ենք, մենք էլ ենք այսօր պատրաստ մերօրյա մարտահրավերներն ընդունելու»,-նշեց ձեռնադրող Սրբազան Հայրն իր քարոզում: Վազգեն Սրբազանը, շնորհավորելով նորոգ ձեռնադրյալ քահանաներին, մաղթեց, որ իրենց ողջ կյանքում որպես ուղեկից ունենան Ս. Վարդանանց անպարտելի ոգին եւ նրանց աներեր հավատքն առ Աստված:
Ձեռնադրությունից հետո Ավագ Սբ. Խորան բարձրացան Վեհափառ Հայրապետը, Սրբազան Հայրերն ու միաբանները եւ համբուրելով քահանաների Սրբալույս Մյուռոնով օծված ճակատներն ու ձեռքերը` շնորհավորեցին նրանց:
Վարդանանց տոնին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում նշվում է նաեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրը: Այս առիթով Սբ© Պատարագի ընթացքում կատարվեց Հայրապետական մաղթանք:
Ս. Պատարագից հետո Մայր Աթոռում Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ նաեւ հանդիսություն` նվիրված ս. Վարդանանց հերոսամարտին:
Նույն օրը, երեկոյան ժամերգության ժամանակ, Սրբազան Հայրը կատարեց նաեւ վեղարի տվչություն: Մխիթարյան հայրերից Տ. Տաճատ ծայրագույն վարդապետ Յարտմյանը, իր հավատարմության ուխտը կատարելով Իջման Ս. Սեղանի առջեւ, Սրբազան Հոր ձեռքից, որպես կուսակրոն քահանա, ստացավ վեղար եւ ընդգրկվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերում:
Այսուհետեւ Տ. Կտրիճ քհն. Դեւեջյանը եւ Տ. Շահան քհն. Մովսիսյանն իրենց ծառայությունը կբերեն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, իսկ Տ. Տաճատ ծ. վրդ. Յարտմյանը` ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմում Տ. Հովնան Արք. Տերտերյանի առաջնորդության ներքո: