Ն. Ս. Օ. Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔ

Ն. Ս. Օ. Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔ 06.01.2004

(Սուրբ Էջմիածին, 2004 թ. Յունուարի 6)

                                                                                                                  «Ծնաւ ձեզ այսօր Փրկիչ»

                                                                                                                                          (Ղուկ. Բ, 11 ):

 

Սիրելի հաւատացեալ եւ բարեպաշտ ժողովուրդ.

Սուրբ Ծննդեան այս բարի առաւօտ հայոց եկեղեցիների խորաններից հնչում է մեր հոգիներին երկնային մեծ աւետիսը. «Ծնաւ ձեզ այսօր Փրկիչ»: Հրեշտակաձայն այս աւետիսով է ներշաղախ հաւատի մեր կեանքը: Մենք` իբրեւ քրիստոնեաներ հաւատում ենք, որ Աստուած, Ով արարեց աշխարհը, նաեւ փրկեց աշխարհը: Բեթղեհէմի այրում մանկացաւ Աստուածորդին` ազատելու մարդուն մեղքերի բանտից, վերականգնելու նրա աստուածային պատկերը, ազատ հոգին, որպէսզի ետ դառնայ մահուան ճանապարհներից դէպի իր Արարիչը` դէպի կեանքի աղբիւրը: Յիսուսի Յայտնութեամբ վկայուեց Աստուծոյ Սէրը մարդու հանդէպ, եւ Բեթղեհէմի այրը դարձաւ մարդկութեան օրհնութեան ակունքը, որտեղից փրկութեան աստուածպարգեւ Շնորհը եւ Յոյսը ծագեց աշխարհին:

«Ծնաւ ձեզ այսօր Փրկիչ»: Փրկութեան այս մեծ աւետիսն է քրիստոնէական Եկեղեցու քարոզութեան առանցքն ու բովանդակութիւնը, որ ծագեցնում է մարդկային հոգիներում հաւատի լոյսը: Անստուեր այդ լոյսի մէջ փայլում է սիրող ու ներող հայեացքը Աստուծոյ եւ պարզորոշուում անկումից դէպի վեր մեր ճանապարհը, որ հարթել է Փրկիչ մեր ՏԷրը:

Այսօր Փրկիչ է մեզ ծնուել` Տէր եւ Առաջնորդ հոգիների, Նորոգող կեանքի: Ծնուել է Փրկիչ Ազատարար` հաշտութիւն Աստուծոյ հետ եւ հաճութիւն` մարդկանց մէջ, սքանչելի ու անպարփակելի խորհուրդ սիրոյ, որ առաջնորդում է մարդկութեանը եղբայրսիրութեան, կարեկցութեան ու ներման ճանապարհներով, արդարութեան ու խաղաղութեան արահետներով:

Սուրբ Ծննդեան այս հոգենորոգ օրը դասակից հրեշտակներին` փառաբանենք Աստծուն բարձունքներում եւ առաջին մեր աղօթքով հայցենք, որ աշխարհում ամեն տեղ ամուր լինի խաղաղութիւնը, եւ ժողովուրդների ու պետութիւնների հասարակական կեանքը զարգանայ ու զօրանայ մարդասիրութեան արժէքներով, որոնք բխում են բոլոր մարդկանց` Աստուծոյ որդիները լինելու ճշմարտութեան ճանաչողութիւնից:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, բոլոր ժամանակներն ունեն իրենց հրամայականները: Մեր նիւթապաշտ եւ աշխարհականացող դարի արագափոփոխ ընթացքների մէջ մարդը իբրեւ անհատ եւ մարդկութիւնն իբրեւ ամբողջութիւն առաւել քան կարիքն ունեն հոգեւորի ճանաչողութեան: Դարաւոր աւանդոյթները կարող են փոփոխուել, արժէքները կարող են վերաիմաստաւորուել, բայց միշտ անփոփոխ է այն ճշմարտութիւնը, որ աշխարհը իմաստազուրկ է առանց Աստուծոյ, եւ մարդը իրականում միայնակ է ու անյոյս` առանց կենդանի յարաբերութեան իր Արարչի հետ: Ընդհանուրի մէկ մասնիկը լինելու զգացողութեամբ ու ապրումով է, որ մարդկային հոգին ունակ է տխրել ուրիշի տխրութեամբ եւ ուրախանալ ուրիշի ուրախութեամբ` սիրել ընկերոջը ինչպէս սեփական անձը եւ բարին գործել: Մերձաւորի հանդէպ սիրոյ այս պատուիրանով աշխարհ եկաւ Փրկիչ: Մերձաւորի հանդէպ սիրով պիտի լռեն թշնամութեան ու պատերազմի ձայները, պիտի դադարեն ահաբեկչութիւնն ու բռնութիւնը, պիտի վերականգնուեն ոտնահարուած իրաւունքն ու արդարութիւնը: Այս սիրով է, որ մարդկային ամեն մտածում ու ջանք պիտի ուղղուած լինի համընդհանուր բարիքի բազմապատկմանը եւ յաղթահարմանը աղքատութեան ու կարիքի, յաղթահարմանը միջավայրի ապականութեան, տարածուող մոլուցքների ու ապականուող բարքերի, որոնք նոյնպէս մեր ժամանակների իրողութիւններ են: Ի լրումն ժամանակի աշխարհ եկաւ Քրիստոս եւ բնակութիւն հաստատեց հաւատով բացուած մարդկային հոգիներում: Արդեօք լրումն չէ° ժամանակի, որ մարդկային հոգին նորոգուի հաւատով, կենդանանայ սիրով: Արդեօք լրումն չէ° ժամանակի ներում հայցելու, ներում գտնելու, դառնալու Աստուածամերժ ճանապարհներից, գործերից ու ընթացքներից, որպէսզի Մարդասէր ու Ողորմած Աստուծոյ շնորհի ներքոյ միշտ օրհնութեան, սիրոյ ու խաղաղութեան մէջ պահպանուի աշխարհը համայն:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու պարգեւով արժանացել ենք Փրկչական սիրոյ տիեզերափայլ լոյսին: Շնորհն ենք գտել հոգեւոր ազատութեան, որը բազում օրհնութիւններ է բերել մեր ժողովրդի կեանքում: Քաղաքական ինչպիսի իրավիճակներում էլ յայտնուեցինք, միշտ յաղթանակող մնացինք, յաղթանակող` հայ մշակոյթով, որը արտայայտութիւնն է Փրկչին ապաւինած մեր ազատ հոգու: Կանգուն էր հայկական պետականութիւնը, թէ բարձուած` Հայ Եկեղեցին միշտ եղաւ հայոց ազատ հոգեւոր Հայրենիքը` բարձր ու աննուաճ, ուր խնամուեց ազատութեան սէրը` որպէս Աստծուց շնորհուած հրաշալի ու թանկագին անկողոպտելի պարգեւ: Հաւատացինք Փրկչի յայտնութեանը եւ պատմութեան դժուարին քառուղիներում ուժ գտանք փորձութիւններին դիմակայելու, ապրելու ու ստեղծագործելու եւ ազատութեան մեր իրաւունքը պաշտպանելու:

Աստուածյայտնութեան խորհրդի առջեւ փառք ենք տալիս Փրկչին, որ ազատ ու խաղաղ են մեր Հայրենիքի եզերքները եւ զարթեալ է այսօր մեր ժողովրդի հոգին աշխարհի բոլոր կողմերում, զարթեալ է մեր ազգային իղձերի իրականացման, հանուր հայութեան միասնական ու ներշաղախ կեանքի տեսիլքով: Այսօր Սուրբ Ծննդեան աւետիսով ազատութեան փառաբանութեամբ Հայաստանում ու Արցախում տօնական ղողանջում են զանգերը նորոգուած ու նորակառոյց մեր եկեղեցիների, որոնք աւելի ու աւելի բազմամարդ են դառնում: Յիսուս Փրկչի անունը այսօր ճանաչելի ու սիրելի է դառնում մեր մանուկներին ու երիտասարդներին: Վերարթնացող մեր հաւատի հետ վերափոխուում է մեր կեանքը, զօրանում է յոյսը գալիքի հանդէպ` հակառակ բոլոր դժուարութիւնների: Յիրաւի, Աստուածասէր ազատ հոգու անձնուէր ջանքերով ու քաջ գործերով, ժողովուրդ հայոց, Հայրենիք եւ Սփիւռք միասնութեամբ, ձեռք ձեռքի պիտի կառուցենք վաղուայ նոր օրը հայոց կեանքի, պիտի բացենք դարձի դռները դէպ Հայրենիք, եւ Արարատի փեշերից պիտի պարզուեն, շողան նոր յոյսերի հորիզոնները Հայրենեաց:

Գոհութիւն Բարձրեալին, Սփիւռքը եղել ու շարունակում է մնալ տարածեալ թեւերը Մայր Հայրենիքի: Թեեւ վերջին տարիներին վերաբնակութեան տեղաշարժերի հետ կապուած նոր իրավիճակներ են ստեղծուել Սփիւռքի գաղթօջախներում, սակայն մեր զաւակները Հայ Եկեղեցու շուրջ, մշակութային կազմակերպութիւնների ու կրթական հաստատութիւնների գործունէութեամբ պահպանում եւ առաջ են տանում հայ կեանքը, շարունակում հայրենական աւանդները, այլեւ նոյն նախանձախնդրութեամբ աջակցում Մայր Հայրենիքին: Ազատ մեր երկրի իրականութեան ընձեռած հնարաւորութիւններով այսօր արդէն իսկ ականատես ենք, որ առաջագնաց Հայրենիքով ամուր ու կենսունակ է հայոց Սփիւռքը, եւ համախումբ ու կազմակերպուած Սփիւռքով` զօրաւոր Հայրենիքը:

Պատասխանատու ենք մեր ժամանակի համար, եւ մեր գործերով է, որ այն պիտի արձանագրուի իբրեւ վերականգնումի ժամանակաշրջան` ազատ կեանքի վերականգնումի, ազատ հոգու եւ մտածողութեան, քրիստոնէական մեր նկարագրի վերականգնումի: Մեր նոր ձեռքբերումներով ու յաղթանակներով է, որ պիտի առաջ ընթանայ ժամանակը Հայրենիքի վերաշինութեան, ժամանակը` մեր գաղթօջախներում ազգային կեանքի վերազարթօնքի, մեր մշակոյթի, գիտութեան ու կրթութեան զարգացման ու ծաղկունքի: Քրիստոս է մեր ճանապարհը, Քրիստոս է մեր զօրութիւնը եւ ապաւինութիւնը: Այսօր մեզ Փրկիչ է ծնուել, ծնուել է մեզ յոյս եւ սէր: Այս է մեր հաւատը: Այս է ճշմարտութիւնը` մնայուն ու յաւիտենական:

Փրկչի Սուրբ Ծննդեան բարի աւետիսով Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում սիրեցեալ հաւատաւոր համայն մեր ժողովրդին ի Հայաստան, Արցախ եւ սփիւռս աշխարհի` աղօթքով ու հայցով առ Աստուած, որ անբիծ պահենք Հայրենիք ու Սփիւռք միաբանութեան ու սիրոյ ոգին, հաւատարմութիւնը Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն ու Հայրենիքին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եղբայրական սիրոյ Մեր ողջոյնն ու բարեմաղթանքներն ենք յղում Առաքելական մեր Եկեղեցու Նուիրապետութեան Աթոռների շնորհազարդ գահակալներին` Մեծի Տանն Կիլիկիոյ Ն©Ս©Օ© Տ© Տ© Արամ Ա Կաթողիկոսին« Երուսաղէմի Հայոց Ամենապատիւ Պատրիարք Տ© Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեանին« Կոստանդնուպոլսոյ Հայոց Ամենապատիւ Պատրիարք Տ© Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆեանին, Մեր սէրն ու օրհնութիւնը` մեր Եկեղեցու ուխտապահ ու նուիրեալ ողջ հոգեւոր դասին:

Ողջունում ենք հայոց պետական աւագանուն` գլխաւորութեամբ այստեղ ներկայ ՀՀ Նախագահ Տիար Ռոբերտ Քոչարեանի եւ Մեր ողջոյնն ենք յղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ Տիար Արկադի Ղուկասեանին ու Հանրապետութեան իշխանութեան բոլոր ներկայացուցիչներին: Հայցում ենք Փրկչի առատաբաշխ պարգեւները նրանց կեանքին ու հայրենաշէն գործերին:

Ի Քրիստոս սիրով ողջունում ենք Հայաստանում հաւատարմագրուած դիւանագիտական առաքելութիւնների ղեկաւարներին ու ներկայացուցիչներին` մաղթելով Տիրոջ հանապազ զօրակցութիւնը իրենց առաքելութեան մէջ, որը սիրոյ առաքելութիւն է` կոչուած ժողովուրդների կեանքում բարեկամութեան ու համագործակցութեան ամրապնդմանը:

Իջման Սուրբ Սեղանի առջեւ` Հայ հոգու Բեթղեհէմում աղօթք ենք բարձրացնում երկինք, որ Սուրբ Ծննդեան լոյսն ու շնորհները իջնեն մարդկանց հոգիներին ու համայն աշխարհին: Այլեւ հայցում ենք Աստուծոյ ամենաառատ խնամքը եւ խաղաղարար ներկայութիւնը այնտեղ, ուր այսօր պատերազմ է, աւեր, ցաւ ու տագնապ: Կենարար յոյս եւ տոկունութիւն ենք մաղթում այդ երկրների տառապեալ ժողովուրդներին, որոնց դժուարութիւններին բաժնեկից են մեր ազգի զաւակները: Թող յոյսը, բարին ու երջանկութիւնը ուղեկից լինեն աշխարհասփիւռ մեր ողջ ժողովրդին: Թող Փրկչի Յայտնութեան մեր հաւատի մաքուր ակունքներից թեւ առնեն մեր մտածումներն ու նպատակները եւ մարմին առնեն մեր գործերը` ի փառս Աստուծոյ, ի սէր Հայրենեաց եւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու:

Այսօր մեզ Փրկիչ է ծնուել: Այս է մեր հաւատը: Այս է ճշմարտութիւնը` մնայուն ու յաւիտենական: Ողջունենք միմեանց Սուրբ Ծննդեան աւետիսով.

Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ

Մեզ, ձեզ մեծ աւետիս: