Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ 28.03.2005

(Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2005 թ. մարտի 27)

«Ես իսկ եմ Յարութիւն եւ կեանք» (Հովհ. ԺԱ 25)

«Ես եկի, զի զկեանս ունիցին, եւ առաւել եւս ունիցին» (Հովհ. Ժ 10):
Սիրելի հավատացյալ ժողովուրդ.

Այսօր մեր եկեղեցիների Սուրբ Խորաններից աստվածային մեծ շնորհի ավետիսն է հնչում` «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ կեանս պարգեւեաց»:

Միաշաբաթ էր, խաչելությունից երեք օր անց, երբ հրաշքը եղավ` հարություն առավ Քրիստոս: Այգալույսի հետ հարության ու կյանքի խորհուրդը բացվեց աշխարհին: Հավատը շողաց տագնապած ու սրտաբեկ հոգիներին Հիսուսի աշակերտների եւ հետեւորդների, ովքեր իրենց խաչված Վարդապետին գերեզման դնելուց հետո ամեն բան ավարտված էին համարում: Նրանք լսել էին կենարար խոսքը Հիսուսի, ականատես էին եղել, թե ինչպես հիվանդները բժշկվում են, մեռյալները` կյանք առնում եւ իրենց սրտի ու հոգու ամենաջինջ զգացումով Վարդապետի անձի մեջ ճանաչել էին Փրկչին, ու այդժամ, երբ դատարկ էր Նրա գերեզմանը, երբ հնչել էր հարության հրեշտակաձայն ավետիսը, հուսալքված նրանց հոգիներին փայլատակեց իմաստը Տիրոջ խոսքերի. «Ես իսկ եմ Յարութիւն եւ կեանք», «Ես եկի, զի զկեանս ունիցին, եւ առաւել եւս ունիցին»:

Հարուցյալ է Քրիստոս: Խաչի վրա մեղքը քավված է, մահվան կապանքների հետ փշրվել են անդարձ հուսահատությունն ու երկյուղը, գերեզմանից կյանքն է ճառագում, եւ փայլում է փրկության ու անմահության հաղթանակած հույսը: Աստված է սքանչելատես փառավորյալ, եւ մարդն է փառավորվում, քանզի Քրիստոս խաչը հանձն առավ եւ հարություն առավ, որ մարդկային մեղքով վնասված կյանքը նորոգվի եւ հաստատվի իր նպատակի, դեպի Աստված իր ճշմարիտ ընթացքի մեջ:

Խաղաղ եւ արդար աշխարհի սիրով եկավ Քրիստոս, Աստծո հետ հաշտ աշխարհի, որպեսզի այն, ինչ գործում է մարդը, ինչ ստեղծում է մարդը, ի սեր կյանքի լինի, բարին ու բարիքը լինի: Երկնային Հոր Կամքի առջեւ որդիական հնազանդության կատարյալ օրինակը բերեց Քրիստոս, մարդու բարձրագույն ձգտումը հռչակեց Աստծո նախախնամող, փրկարար Կամքի ընտրությունը:

Արդարեւ, սիրելիներ, Աստծո Կամքի ընտրությամբ մարդկությունը պիտի կարողանա մերժել ու բացառել Տեր-Զոր եւ Հոլոքոստ, մերժել ու բացառել Սեպտեմբեր 11 եւ Բեսլան, տեսնել պատերազմներից ու բռնություններից զերծ ճանապարհները եւ գտնել ազգերի միջեւ եղբայրության արդար ու լուսազարդ ուղիները: Հույսն է ապրում այդ ճանապարհներին, կյանքի, առաջընթացի, ապագայի հույսը: Այսօր եւ միշտ մարդու հնարավորությունները, ընտրությունն ու որոշումը ուղղված պիտի լինեն հոգալու աշխարհի ու մարդկանց մասին, ինչպես Արարչի Հայրական խնամքն է արարչագործության հանդեպ: Խաչյալ եւ Հարուցյալ Փրկչի հետ գործակիցներ ենք փրկագործության, որով եւ ունենք կյանք եւ առավել եւս կյանք:

Փառք Բարձրյալին, որ շատ ազգերի կողքին մեր ժողովրդին նույնպես պարզվեց աստվածային փրկարար շնորհի լույսը: Անդարձ հավատաց մեր ժողովուրդը Քրիստոսի հարության զորությանը: Հայ կյանքը հաց ու գինով է թաթախուն, հայոց հողը` վանք ու խաչքարով ծաղկուն: Աղոթքն է հայի խոսքը, որ երկինք է բարձրացել Խոր Վիրապի մահվան գուբից, Մաշտոցյան Գրով մատյան դարձել, դարձել Նարեկա սրբի երկնամերձ աղերս ու նահատակների սուրբ վկայություն: Հարության շողակաթ լույսով հաստատված Սուրբ Էջմիածինն է հայության հոգին` պատմության մեջ դարից դար, ավերներից ու մահերից վերածնված հոգին: Մեր ժողովուրդը չի տեսել Քրիստոսի դատարկ գերեզմանը, բայց Քրիստոսի հետ բազմիցս տեսել է իր համար փորված գերեզմանների դատարկությունը եւ Քրիստոսի հետ հաղթության փառքի պսակներ հյուսել: Հայ մարդը չի կարող չհավատալ Քրիստոսի հարությանը: Հարության մասին են խոսում մեր պատմությունն ու ներկան: Քրիստոսի հետ Մեծ Եղեռնի գողգոթան անցանք եւ մեր պատմության ամենաողբերգական ժամանակը դարձրեցինք հաղթանակի ժամանակ: Եղեռնահար, արնածոր մեր ժողովուրդը հերոսական մաքառումով ծնունդ տվեց իր նոր պետականությանը: Մոխիրներից հառնեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը` ի վկայություն մեր ժողովրդի անմեռ ձգտումի հայոց պետականության հարատեւ գոյության:

Հարուցյալ է Քրիստոս, հարուցյալ է ազգս հայոց: Եվ Լուսավորչի Կանթեղի լույսն է մեր ճանապարհը, հավատով անմար, հավատով պայծառ, հավատով տեսանելի լույսը, որ պիտի առաջնորդի ազատ, միացյալ նոր կյանքը մեր Մայր Հայրենիքի ու հայ Սփյուռքի: Մեր հայրերի հավատավոր օրինակով այսօր էլ պիտի հաղթահարենք դժվարությունները, Հայաստանի եւ Արցախի, ազգային-եկեղեցական մեր կյանքի առջեւ ծառացած բոլոր խնդիրները:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հարուցյալ Քրիստոս երբ հայտնվեց իր աշակերտներին, երանի տվեց նրանց, ովքեր առանց տեսնելու կհավատան Իր Հարությանը: Երանին մեզ է ուղղված: Զատիկ է այսօր, նոր կյանքի արշալույս, աստվածամերձ կյանքի հրավեր` անցավոր ժամանակի մեջ, նյութականից դուրս տեսնել Աստծո նախախնամող սերը, հավատալ Հիսուսի հարուցյալ զորությանը եւ փրկչական առաքելությանը: Հավատն է զատկական տոնի պատգամը: Հավատքով է սկիզբ առնում Փրկչի հետ մեր հարուցյալ կյանքը, հավատքով զորանում ու արգասավորվում: Հավատքով անձնվիրումը դառնում է բնական, մերձավորի հանդեպ սերը` երջանկության եւ ուրախության ակունք: Հարության խորախորհուրդ հրաշքն է այս, միշտ դեպի վեր, դեպի երկնայինը, ճշմարիտը, արդարն ու բարին:

Փրկչի Հարության հրաշածին շողերից թող ջերմանան այսօր մեր հոգիները, լույս առնեն առավել ու հույս եւ հավատով զորանան: Մեր հավատը թող գծի մարդկային մեր կատարելության ճանապարհը եւ լուսավորի մեր Հայրենիքի, մեր ժողովրդի ու Եկեղեցու վերածնված նոր կյանքի ուղին: Ժողովուրդ հայոց, հավատիդ լույսով կյանքդ դարձրու աստվածփառաբանություն, որ գործերիդ մեջ սրտիդ զարկը տրոփի, սերդ շողա, արդարը, ճշմարիտը, բարին ընտրելու կամքդ հաղթանակի: Այնտեղ, ուր Տերն է, կենդանի ջրերի գետեր պիտի բխեն` համաձայն Աստծո եւ մեր Տիրոջ ու Փրկչի կենսապարգեւ Կամքի: Թող մեր միջոցով հրաշագործ Փրկիչ Տերը բժշկի, ամոքի ու սփոփի, շենացնի ու կյանք պարգեւի, առավել կյանք` մեր հողին, խաղաղության, ազատության, արդարության մեր երազներին ու իղձերին:

Հարության սուրբ ավետիսով ողջունում ենք ձեզ, սիրելի հավատացյալներ ի հայրենիս եւ ի սփյուռս, օրհնում ենք ձեր կյանքն ու բարի գործերը: Թող հարության շնորհները առատորեն իջնեն ձեր հոգիներին, զորացնեն ձեր հավատը, ավելի լույս տան ձեր մտքին, ավելի ուժ` ձեր բազուկներին, ավելի սեր` ձեր սրտերին: Սիրեցեք միմյանց, մեր Սուրբ Եկեղեցին ու Սուրբ Հայրենիքը` Հայաստանն ու Արցախը:

Հարության խնդությամբ ողջույն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին եւ մեր Եկեղեցու ուխտապահ ողջ հոգեւոր դասին:

Ի Քրիստոս սիրով ողջունում ենք Քույր Եկեղեցիների հոգեւոր Պետերին` հայցելով Փրկչի առատ շնորհները Տիրախնամ նրանց հոտին:

Մեր ողջույնն ենք բերում Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Ռոբերտ Քոչարյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Արկադի Ղուկասյանին, հայոց պետական ողջ ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին:

Զատկական այս սուրբ առավոտ Հարուցյալ մեր Փրկչի Իջման Սուրբ Սեղանի առջեւ աղոթք ենք բարձրացնում, որ Աստված հայոց հողը միշտ ազատ ու խաղաղ պահպանի, բարիքով ու ծաղկունքով լեցուն: Հայցում ենք, որ Տերը մեր Մայր Հայրենիքում եւ աշխարհի բոլոր կողմերում մեր ժողովրդին պահպանի մեկ ու անբաժան, սիրով միաբան, մեր սուրբ հավատքով, մեր արժեքներով ու ժառանգությամբ, մեր արդար իղձերի տեսիլքներով:

Թող Հարուցյալ Քրիստոս Իր ողորմության ու շնորհի ներքո պահպանի աշխարհը համայն անվրդով ու խաղաղ, ազգերը` եղբայրության մեջ, մարդկանց` սիրով, հույսով ու հավատով: Ամէն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի