Սբ. Ծննդյան տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Սբ. Ծննդյան տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում 07.01.2004

Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին տոնեց Սբ. Ծննդյան եւ Աստվածհայտնության հրաշափառ տոնը. Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Հայրապետական Սբ. Պատարագ:

Պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց համայն հայ ժողովրդին:

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, բոլոր ժամանակներն ունեն իրենց հրամայականները: Մեր նյութապաշտ եւ աշխարհականացող դարի արագափոփոխ ընթացքների մեջ մարդը իբրեւ անհատ եւ մարդկությունն իբրեւ ամբողջություն առավել քան կարիքն ունեն հոգեւորի ճանաչողության: Դարավոր ավանդույթները կարող են փոփոխվել, արժեքները կարող են վերաիմաստավորվել, բայց միշտ անփոփոխ է այն ճշմարտությունը, որ աշխարհը իմաստազուրկ է առանց Աստուծո, եւ մարդը իրականում միայնակ է ու անհույս` առանց կենդանի հարաբերության իր Արարչի հետ: Ընդհանուրի մեկ մասնիկը լինելու զգացողությամբ ու ապրումով է, որ մարդկային հոգին ունակ է տխրել ուրիշի տխրությամբ եւ ուրախանալ ուրիշի ուրախությամբ` սիրել ընկերոջը ինչպես սեփական անձը եւ բարին գործել: Մերձավորի հանդեպ սիրո այս պատվիրանով աշխարհ եկավ Փրկիչ: Մերձավորի հանդեպ սիրով պիտի լռեն թշնամության ու պատերազմի ձայները, պիտի դադարեն ահաբեկչությունն ու բռնությունը, պիտի վերականգնվեն ոտնահարված իրավունքն ու արդարությունը: Այս սիրով է, որ մարդկային ամեն մտածում ու ջանք պիտի ուղղված լինի համընդհանուր բարիքի բազմապատկմանը եւ հաղթահարմանը աղքատության ու կարիքի, հաղթահարմանը միջավայրի ապականության, տարածվող մոլուցքների ու ապականվող բարքերի, որոնք նոյնպես մեր ժամանակների իրողություններ են: Ի լրումն ժամանակի աշխարհ եկավ Քրիստոս եւ բնակություն հաստատեց հավատով բացված մարդկային հոգիներում: Արդյոք լրումն չէ° ժամանակի, որ մարդկային հոգին նորոգվի հավատով, կենդանանա սիրով: Արդյոք լրումն չէ° ժամանակի ներում հայցելու, ներում գտնելու, դառնալու Աստվածամերժ ճանապարհներից, գործերից ու ընթացքներից, որպեսզի Մարդասեր ու Ողորմած Աստուծո շնորհի ներքո միշտ օրհնության, սիրո ու խաղաղության մեջ պահպանվի աշխարհը համայն»,- ասաց Վեհափառ Հայրապետը:

Վեհափառ Հայրապետը փառք եւ գոհություն առաքեց առ Աստված Հայրենիքի խաղաղության, վերարթնացող հավատքի, Հայրենիք-Սփյուռք միասնության համար:

«Պատասխանատու ենք մեր ժամանակի համար, եւ մեր գործերով է, որ այն պիտի արձանագրվի իբրեւ վերականգնումի ժամանակաշրջան` ազատ կյանքի վերականգնումի, ազատ հոգու եւ մտածողութեան, քրիստոնեական մեր նկարագրի վերականգնումի: Մեր նոր ձեռքբերումներով ու հաղթանակներով է, որ պիտի առաջ ընթանա ժամանակը Հայրենիքի վերաշինության, ժամանակը` մեր գաղթօջախներում ազգային կյանքի վերազարթոնքի, մեր մշակոյթի, գիտութեան ու կրթութեան զարգացման ու ծաղկունքի: Քրիստոս է մեր ճանապարհը, Քրիստոս է մեր զորությունը եւ ապավինությունը: Այսօր մեզ Փրկիչ է ծնվել, ծնվել է մեզ հույս եւ սեր: Այս է մեր հավատը: Այս է ճշմարտությունը` մնայուն ու հավիտենական»,- շարունակեց իր պատգամն Ամենայն Հայոց Հայրապետը` միաժամանակ հայցելով Աստծո «ամենաառատ խնամքը եւ խաղաղարար ներկայությունը այնտեղ, ուր այսօր պատերազմ է, ավեր, ցավ ու տագնապ: Նորին Սբությունը տոկունություն մաղթեց այդ երկրների ժողովուրդներին, որոնց դժվարություններին բաժնեկից են նաեւ հայ ազգի զավակներ:

Հավարտ Սբ. Պատարագի Հայոց Հայրապետը կատարեց Ջրօրհնեքի արարողություն` իբրեւ Քրիստոսի Մկրտության խորհրդանիշ: Խաչի կնքահայրն էր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:

Սբ. Պատարագին եւ Ջրօրհնեքի արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, պետական այլ պաշտոնյաներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ« Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ« բազմաթիվ հավատացյալներ:

Սրբազան Պատարագից հետո Վեհարանում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: