Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Սույն թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի հերթական լիագումար ժողովը` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով եւ Նորին Սրբության ողջույնի ու բարեմաղթանքի խոսքով: Ժողովականներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ի Տեր հանգուցյալ ԳՀԽ անդամ եւ Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Զավեն Արքեպիսկոպոս Չինչինյանի, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի միաբաններ Տ. Կյուրեղ Եպիսկոպոս Գաբիկյանի, Տ. Մանուել վարդապետ Երկաթյանի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյանի եւ Տ. Սահակ Արքեպիսկոպոս Այվազյանի հոգիների հանգստության համար:
Օրակարգի եւ նախորդ ժողովի արձանագրության ընթերցումից ու հաստատումից հետո, ատենապետությամբ ԳՀԽ երիցագույն անդամներ Տ. Վաչե Արքեպիսկոպոս Հովսեփյանի եւ Տ. Գյուտ Արքեպիսկոպոս Նագգաշյանի ժողովը քննության առավ ազգային-եկեղեցական կյանքին վերաբերող խնդիրներ:
Թեմական հարցերի շարքում Գերագույն Հոգեւոր Խորհուրդը գոհունակությամբ արձանագրեց, որ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմում ստեղծված անցանկալի կացությունը այլեւս վերացել է, եւ թեմը գլխավորությամբ առաջնորդ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի կազմակերպում է ազգային-եկեղեցական իր բնականոն կյանքը:
Այնուհետեւ հետեւեց Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Փարիզի առաջնորդ Տ. Գյուտ Արքեպիսկոպոս Նագգաշյանի զեկույցը Ֆրանսիայում Հայ Եկեղեցու թեմական կառույցների վերակազմավորման մասին: Սրբազան Հայրը հայտնեց, որ կանոնադրությունը ներկայացված է Ամենայն Հայոց Հայրապետին առ ի տնօրինություն: Գերագույն Հոգեւոր Խորհուրդում Վեհափառ Հայրապետի առաջադրմամբ կանոնադրության ուսումնասիրման համար ստեղծվեց հատուկ հանձնախումբ:
Գերագույն Հոգեւոր Խորհրդում քննության առնվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից Կանադայի Հայոց թեմում հակականոնական թեմական զուգահեռ կառույց հաստատելու խնդիրը: Գերագույն Հոգեւոր Խորհուրդն իր վերաբերմունքը խնդրի նկատմամբ արտահայտեց ընդունված հայտարարությամբ, որում ի մասնավորի ասվում է.«Մայր Աթոռը վերստին եղբայրաբար ողջախոհության է կոչում Կիլիկիո Կաթողիկոսությանը եւ ողջունում ամեն քայլ` ուղղված երկփեղկվածության հաղթահարմանը եւ կանոնական վիճակի վերահաստատմանը Հայ Եկեղեցում եւ հրավիրում է իր զավակներին նախանձախնդիր ու միասնական լինելու բարդ ժամանակների թելադրանքով ծնունդ առած երկպառակության` շուրջ կեսդարյա խնդրի կարգավորման ճանապարհին»:
Ժողովի ընթացքում քննարկվեցին եկող տարի Գրերի գյուտի 1600-ամյակի տոնակատարության եւ Եղեռնի 90-ամյակի տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպական խնդիրներ: Որոշվեց մասնավոր հանդիսություններով նաեւ նշել Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսի վախճանման 10-ամյա տարելիցը:
Ժողովի ավարտին ԳՀԽ անդամներն աղոթք բարձրացրեցին` հայցելով, որ Տերը խաղաղություն պարգեւի Հայոց աշխարհին, սիրո, եղբայրության ու հաշտության մեջ հաստատուն պահի աշխարհասփյուռ համայն հայ ժողովրդին` Փրկչի հրաշափառ Հարության խորհրդով ընդառաջ գնալու Հայրենիքի զորացման եւ ժողովրդի բարօրության: