Քահանայական ձեռնադրություն եւ օծում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Չորս կուսակրոն քահանաներ համալրեցին Մայր Աթոռի միաբանության շարքերը
Նոյեմբերի 23-ին, Մայր Տաճարի օծման 1700-ամյա հոբելյանի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, ուխտի պատարագ մատուցեց Տ. Դավիթ արք. Սահակյանը: Հընթացս սրբազան արարողության ձեռամբ պատարագիչ Սրբազան Հոր քահանայական ձեռնադրություն եւ օծում ստացան 5 սարկավագներ:
Դեռ նախորդ օրը, երեկոյան ժամերգությունից հետո Մայրավանքում կատարվեց նորընծաների ուղղափառ հավատքի հրապարակային քննություն: Սարկավագների քահանայության կոչման արարողության ընթացքում խարտավիլակ հոգեշնորհ Տ. Արտակ վրդ. Տիգրանյանը վկայեց նորընծաների հոգեւոր-իմացական պատրաստվածության եւ արժանիքների մասին, իսկ ընծայացուները միաբերան մերժեցին եւ նզովեցին հերետիկոսներին ու հերձվածողներին` ուխտելով հետեւել սուրբ առաքյալների եւ հայոց երանաշնորհ հայրապետների լույս հավատքին:
Կիրակի, հընթացս Սբ© Պատարագի, 5 ուխտյալները սաղմոսների փոխասացության ներքո ծնկաչոք բարձրացան Ավագ Սբ. Խորան: Դառնալով դեպի հավատացյալ ժողովուրդը` ընծայացուները բարձրացրին իրենց ձեռքերը` ի նշան աշխարհիկ կյանքից հրաժարման: Մեծ հանդիսավորությամբ Սբ. Խորան բերվեց սրբալույս մյուռոնը, եւ ձեռնադրող Սրբազան Հայրը մեկառմեկ օծեց ընծայացուների ճակատները, աջ եւ ձախ ձեռքերի ափերը` նոր անուններով կոչելով նրանց. Հովիկ սրկ. Հովհաննիսյանը վերակոչվեց Տ. Հայրիկ քահանա, Հակոբ սրկ. Հակոբյանը` Տ. Հակոբ քահանա, Արթուր սրկ. Պետրոսյանը` Տ. Տիրան քահանա, Արթուր սրկ. Հակոբյանը` Տ. Հովնան քահանա, Աշոտ սրկ. Վարդանյանը` Տ. Կյուրեղ քահանա: Դավիթ Սրբազանը նորաօծ քահանաներին փոխանցեց նաեւ հաղորդության սկիհը` տալով նրանց պատարագելու եւ Տիրոջ մարմինն ու արյունը ժողովրդին բաշխելու իշխանությունը:
Ձեռնադրությունից հետո Ավագ Խորան բարձրացան Վեհափառ Հայրապետը, գերաշնորհ Սրբազան Հայրերն ու միաբանները եւ համբուրելով քահանաների սրբալույս մյուռոնով օծված ճակատներն ու ձեռքերը` շնորհավորեցին նրանց:
Նույն օրը, երեկոյան ժամերգության ընթացքում կատարվեց նորաօծ չորս քահանաների` Տ. Հայրիկի, Տ. Տիրանի, Տ. Հովնանի եւ Տ. Կյուրեղի վեղարի տվչության եւ աբեղայի օրհնության կարգը: Մայրավանքի միաբանության շարքերը համալրվեց եւս չորս կուսակրոն քահանաներով: