Քահանայական հավաք` նվիրված Ղեւոնդյանց տոնին
Փետրվարի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Սրբոց Ղեւոնդյանց քահանայից տոնի առիթով տեղի ունեցավ քահանայական հավաք:
Վերջին տարիներին Հայաստանի ու Արցախի թեմակալ առաջնորդների եւքահանայից դասի ավանդական դարձած այս հավաքը մի նոր առիթ էր անդրադառնալու եկեղեցականի առաքելությանն ու կոչմանը:
Օրվա բանախոսներ Տ. Տաթեւ արք. Սարգսյանը եւ Տ. Բագրատ վրդ. Գալստանյանն իրենց ելույթներում անդրադարձան քահանայի հովվական, վարչական եւ ազգային պարտականություններին, ինչպես նաեւ եկեղեցական ծեսին` իբրեւ քարոզչության եւ ավետարանչության հզոր միջոցի:
Մտքերի փոխանակության ընթացքում հոգեւորականներն արտահայտեցին իրենց մտորումներն ու մտահոգություններն արծարծված խնդիրների վերաբերյալ:
Հավաքի ավարտին Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց հոգեւոր դասին եւ հորդորեց, «հովվել մեր ժողովրդին Քրիստոսի Ավետարանի լույս պատգամներով, «վասն Հիսուսի, վասն հայրենյաց» Վարդանանց խորհրդով` առավել նախանձախնդիր ծառայությամբ զորացնել հայրենական մեր կյանքը եւպայծառացնել մեր եկեղեցին»: