Քահանայական ձեռնադրություն եւ օծում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Քահանայական ձեռնադրություն եւ օծում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում 03.09.2002

Սեպտեմբերի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի քահանայական ձեռնադրություն եւ օծում ստացան ութ սարկավագներ:

Նախորդ օրը, երեկոյան ժամերգությունից առաջ Մայրավանքում կատարվեց նորընծաների ուղղափառ հավատքի հրապարակային քննություն: Սարկավագների քահանայության կոչման արարողության ընթացքում խարտավիլակ հոգեշնորհ Տ. Թորգոմ աբղ. Տոնիկյանը վկայեց նորընծաների հոգեւոր-իմացական պատրաստվածության եւ արժանիքների մասին, իսկ ընծայացուները միաբերան մերժեցին եւ նզովեցին հերետիկոսներին ու հերձվածողներին` ուխտելով հետեւել սուրբ առաքյալների եւ հայոց երանաշնորհ հայրապետների հավատքին, ի նշան իրենց ուղղափառ դավանության արտասանելով Ս. Գրիգոր Տաթեւացու հեղինակած «Հավատամքը»:

Կիրակի, հընթացս Ս© Պատարագի, 8 ուխտյալները սաղմոսների փոխասացության ներքո ծնկաչոք բարձրացան Ավագ Ս. Խորան: Դառնալով դեպի հավատացյալ ժողովուրդը` ընծայացուները բարձրացրին իրենց ձեռքերը` ի նշան աշխարհիկ կյանքից հրաժարման: Մեծ հանդիսավորությամբ Ս. Խորան բերվեց Սրբալույս Մյուռոնը, եւ ձեռնադրող Սրբազան Հայրը մեկառմեկ օծեց ընծայացուների ճակատները, աջ եւ ձախ ձեռքերի ափերը` նոր անուններով կոչելով նրանց. Բաբկեն սրկ. Բոզիկյանը վերակոչվեց Տ. Տրդատ քահանա, Արմեն սրկ. Եզեկյանը` Տ. Պետրոս քահանա, Հովհաննես սրկ. Խաչատրյանը` Տ. Նահապետ քահանա, Արամայիս սրկ. Մուրադյանը` Տ. Պսակ քահանա, Լեւոն սրկ. Պանֆյորովը` Տ. Նշան քահանա, Գեւորգ սրկ. Սարգսյանը` Տ. Գաբրիել քահանա, Գեւորգ սրկ. Մակարյանը` Տ. Ադամ քահանա եւ Արթուր սրկ. Կարապետյանը` Տ. Ասողիկ քահանա: Սիոն Սրբազանը նորաօծ քահանաներին փոխանցեց նաեւ հաղորդության սկիհը` նրանց տալով պատարագելու եւ Տիրոջ մարմինն ու արյունը ժողովրդին բաշխելու իշխանությունը:

Ձեռնադրությունից հետո Ավագ Ս. Խորան բարձրացան Վեհափառ Հայրապետը, Սրբազան Հայրերն ու միաբանները եւ համբուրելով քահանաների Սրբալույս Մյուռոնով օծված ճակատներն ու ձեռքերը` շնորհավորեցին նրանց:

Նույն օրը, երեկոյան ժամերգության ընթացքում կատարվեց նորաօծ երկու քահանաների` Տ. Պսակի եւ Տ. Գաբրիելի վեղարի տվչության եւ աբեղայի օրհնության կարգը: