Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում կատարվեց հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի

Սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ 2001թվականի սեպտեմբեր 11-ին ԱՄՆ-ում կատարված սոսկալի ահաբեկչության զոհերի:

Արարողությանը ներկա էին Հայաստանի թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռի միաբանությունը, ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հոգեւոր Գերագույն Խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնեությունը եւ բազում հավատավոր հայորդիներ:

Արարողության ընթացքում ընթերցվեց Վեհափառ Հայրապետի ցավակցական գիրը` ուղղված ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, ապա այն հանձնվեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյին: