Ապրիլի 24-ին Վեհափառ Հայրապետն այցելեց 1915 թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ապրիլի 24-ին, 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԼՂՀ Նախագահ Արկադի Ղուկասյանի հետ այցելեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակների:

Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պետական եւ հոգեւոր այրեր, օտարերկրյա դիվանագետներ:

***

Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Տ. Փառեն եպս. Ավետիքյանը:

Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Տաճարի հարեւանությամբ ի հիշատակ Եղեռնի նահատակների կանգնեցված Աղոթքի եւ ուխտի խաչքարի մոտ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն: