Գերագույն Հոգեւոր Խորհրդի հերթական նիստը` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Նոյեմբերի 1-2-ը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն©Ս©Օ©Տ©Տ© Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն Հոգեւոր Խորհրդի հերթական ժողովը:
Մասնավոր ուշադրությամբ քննության առնվեց Սուրբ Էջմիածնի 1700-ամյակի տոնակատարությունների ծրագիրը: Ժողովի անդամները բարձր գնահատեցին Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի ատենապետությամբ գործող 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման հանձնախմբի գործունեությունը` թելադրելով ծրագրված հանդիսությունների ու միջոցառումների ժամանակացույցը ներկայացնել ԳՀԽ հաջորդ ժողովին: Տոնակատարությունների շրջանակներում նախատեսված են ուխտագնացություններ, երիտասարդական եւ թեմական ներկայացուցչական հավաքներ, Ս. Էջմիածնին նվիրված գիտաժողովներ, հրատարակություններ եւ այլն:
Գերագույն Հոգեւոր Խորհուրդը քննարկեց նաեւ եկեղեցական կյանքի վերակազմակերպմանը վերաբերող հարցեր: Խորհրդի անդամները Մայր Աթոռի առաքելության արդյունավետության բարձրացման համատեքստում կարեւորեցին ընդլայնումն ու վերաշխուժացումը իրականացվող աշխատանքների ծխական համայնքների կազմավորման, եկեղեցական նոր սերնդի պատրաստության, համայնքներում հայորդաց տների համակարգի ստեղծման, եկեղեցական շինարարության, սոցիալական ծրագրերի իրականացման եւ այլ ոլորտներում:
Գերագույն Հոգեւոր Խորհուրդը գոհունակությամբ լսեց նաեւ ժողովին հրավիրված «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրեն պրն. Վահան Տեր-Ղեւոնդյանի զեկույցը, ով հանգամանալից ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը: Ժողովականները մեծապես գնահատելով կարեւորեցին իրականացվող աշխատանքները եւ վերահաստատեցին հիմնադրամի հայրենաշեն առաքելությանը աջակցելու իրենց պատրաստակամությունը:
Ժողովում քննարկվեցին նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչա-կազմակերպական կյանքին առնչվող խնդիրներ: Տեղեկացվեց նաեւ Նորին Սրբության նոյեմբեր 10-28-ը Ավստրալիա եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմ կատարելիք հովվապետական այցի մասին:
Գերագույն Խորհրդի անդամները ժողովի ավարտին կանխավ իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հղեցին Նորին Սրբությանը գահակալության երրորդ տարեդարձի առիթով: Ժողովը փակվեց գոհաբանական աղոթքով: