Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց տաղավար տոներից Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Հանդիսավոր Ս. Պատարագ մատուցվեց Մայր Տաճարում: Պատարագիչն էր Գերաշնորհ Տ. Փառեն եպս. Ավետիքյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եռօրյա այցով Մայր Աթոռում գտնվող Ֆինլանդիայի Ավետարանական Լյութերական Եկեղեցու պաշտոնական պատվիրակությունը` գլխավորությամբ Ֆինլանդիայի եւ Տուրկուի արքեպիսկոպոս դր. Ջուկա Պաարմայի, ինչպես նաեւ ներկայացուցիչներ Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցուց: Պատարագի ավարտին երկու եկեղեցիների հովվապետերն իրենց խոսքն ուղղեցին բարեպաշտ ժողովրդին:

Ամենայն Հայոց Հայրապետը մեկ անգամ եւս ողջունեց Ֆինլանդիայի եւ Տուրկուի արքեպիսկոպոս Ջուկա Պաարմային: «Երջանիկ այս զուգադիպության մեջ մենք զգում ենք, որ Սուրբ Կույսը հովանավոր է մեզ` մեր ժողովուրդների բարեկամության եւ եղբայրության զորացման փոխադարձ մեր ջանքերի մեջ: ...Հայ Եկեղեցին ողջունում է քրիստոնեական եկեղեցիների երկխոսությունն ու սերտ համագործակցությունը` ի սեր Քրիստոսի Եկեղեցու, ի սեր իր հոտի, հանուն աշխարհի խաղաղության ու մարդկանց համերաշխության», - իր խոսքում նշեց Վեհափառ Հայրապետը:

Հավարտ Ս Պատարագի հանդիսավոր թափորը շարժվեց դեպի Ս. Տրդատի բաց խորան, ուր հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց խաղողօրհնեքի ավանդական արարողությունը: