ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Սիրելի ժողովուրդ հայոց ի սփյուռս աշխարհի.
Անկախության 11-րդ արշալույսն է բացվել հայոց երկնքում:
Անկախության օրվա ուրախ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ջերմորեն ողջունում եւ շնորհավորում ենք բոլորիդ եւ հղում Հայրապետական Մեր օրհնությունը:
Ազատ ապրելու ցանկությունը բնական ձգտումն է յուրաքանչյուր ժողովրդի եւ նրա անկողոպտելի իրավունքը, քանզի պարգեւն է Աստծո:
Ազատության համար շատ ենք մաքառել: Ազատության սիրով, գալիքի հանդեպ հավատով ու լավատեսությամբ 1991 թվականին վերահաստատեցինք հայոց անկախ պետականությունը: Գոհություն ու փառք մատուցենք Ամենակարող Բարձրյալին եւ վերստին արժեւորենք մեր անցած դժվարին ուղին ու գնահատենք մեր ձեռքբերումները: Անկախության օրվա սրբազան խորհրդով հաստատենք մեր կամքը հավատարմորեն ծառայելու հայրենի պետականության զորացմանը ու միաբանության սիրով մեկտեղենք մեր ուժերը, մեր եռանդն ու ջանքերը, որպեսզի համայն հայոց Հայրենիքը լցվի շինությամբ ու նորոգվի պայծառությամբ:
Միածնաէջ Սուրբ Սեղանի առջեւ Հայրապետիս աղոթքն է, որ Աստված Իր օրհնության ներքո խաղաղ պահի աշխարհը համայն ու պահպանի աշխարհասփյուռ ազգս հայոց եւ Հայրենիքը մեր. ամեն: