20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայում
Սեպտեմբերի 5-8-ը` Իտալիայի Բոզե վանական համալիրում «Մարդն իբրեւ արարչագործության պահապան» խորագրի ներքո տեղի ունեցավ 20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը, որին մասնակցում էին բազում ներկայացուցիչներ Ուղղափառ, Արեւելյան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիներից, ինչպես նաեւ գիտնականներ տարբեր կրթական հաստատություններից:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կոնֆերանսին մասնակցեց Միլանի հոգեւոր հովիվ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը, որն ընթերցեց Հայոց Հայրապետի օրհնության խոսքը:
«Աստծո անսահման սիրո դրսեւորումն էր արարչագործությունը: Իբրեւ Աստծո պատկերով եւ նմանությամբ ստեղծված բանական էակի` Աստված մարդուն զարդարեց Սուրբ Հոգու զանազան շնորհներով եւ մեծ պատասխանատվություն դրեց նրա վրա` պահապանը դառնալու ողջ արարչագործության, մշտական խնամք եւ հոգածություն ցուցաբերելու արարչաստեղծ բնության հանդեպ, խելամտորեն եւ զգուշորեն օգտվելու նաեւ բնության բարիքներից:… Արդի մարտահրավերներից է բնության պահպանումը աշխարհի եւ գալիք սերունդների մասին մտահոգությամբ: Ուստի մեծապես կարեւոր է մարդու մեջ արթուն պահել բնության հանդեպ Արարչից նրան տրված պատասխանատվությունը` խուսափելու համար երկիր մոլորակին սպառնացող բնապահպանական աղետներից, համատեղ ջանքերով կառուցելու բարօր ու առաջագնա կյանքը համայն մարդկության»,- նշվում է Վեհափառ Հայրապետի խոսքում:
Կոնֆերանսի ընթացքում բանախոսները եւ ներկաները Սուրբ Գրքի եւ հայրաբանական ժառանգության տեսանկյուններից անդրադարձան արարչագործության պատմությանը եւ արդի բնապահպանական խնդիրներին` կարեւորելով Եկեղեցիների դերը դրանց հաղթահարման գործում: