1915 թ. Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Շտուտգարտում
Ս.թ. ապրիլի 21-ին Շտուտգարտում, Բադեն-Վյուրտեմբերգի հայ համայնքը, Նեկարսուլմ քաղաքի հայ-գերմանական մշակութային միությունը եւ Էսլինգեն քաղաքի «Մարալ» սպորտային և մշակութային միությունը համատեղ կազմակերպեցին 1915 թվականի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառում, որը տեղի ունեցավ Շտուտգարտի կենտրոնական եկեղեցում՝ Շտիֆտսկիրխեում:
Երեկոյին ներկա էին համայնքի մոտ 200 անդամներ ու հյուրեր: Հյուրերի թվում էին Շտուտգարտի Կաթոլիկ Եկեղեցու դեկանի տեղակալ մոնսենյոր Օլիվեր Լահլը, Շտիֆտսկիրխեի ավետարանչական պատվելի Մաթիաս Ֆօսելերը, Բադեն-Վյուրտեմբերգի Քրիստոնյա Եկեղեցիների Աշխատանքային Ընկերության գործադիր տնօրեն Դր. Ալբրեխտ Հայցմանը, Վյուրտեմբերգյան Ավետարանչական Եկեղեցու ներկայացուցիչ քահանայուհի Գաբրիելա Կոստաբելը, հողատարածքի ՀՀ պատվո հյուպատոս Գյունտեր Պիլարսկին, ԳԴՀ ՀՀ առեւտրի պալատի ներկայացուցիչ Ռոբերթ Հուբերը, Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի խորհրդարանի մի շարք պատգամավորներ, Պոնտոսի հույն համայնքի ներկայացուցիչ անդամներ, գերմանացի մտավորականներ:
Երեկոն սկսեց էկումենիկ հոգեհանգստյան արարողությամբ, որին մասնակցեցին մոնսենյոր Օլիվեր Լահլը, պատվելի Մաթիաս Ֆօսելերը և համայնքի հոգեւոր հովիվ Տ. Տիրատուր քահանա Սարդարյանը: Իր ողջույնի խոսքում տեր Տիրատուրը ողջունեց ներկաներին եւ նշեց, որ զատկական այս շրջանում անհնար է անտեսել այն փաստը, որ հայ ժողովուրդը բազմիցս «խաչին է բարձրացվել», սակայն միշտ հարություն է առել Յիսուս Քրիստոսի հետ միասին:
Արարողությունից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հ. Գրիգորյանը, որը մասնավորապես նշեց, որ 20-րդ դարի սկզբին հայ ազգի նկատմամբ կատարած Ցեղասպանության պատշաճ կերպով դատապարտության բացակայությունը և հանցագործի նկատմամբ համապատասխան պատժամիջոցի չկիրառումը բերեց այն բանին, որ հայ ազգը նույն դարի վերջին իր պատմական հայրենիքում՝ այսօրվա Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում, ենթարկվեց ջարդերի:
«2005 թվականի գերմանական խորհրդարանի ընդունած որոշումը, բնականաբան, այն որոշումը չէ, որը մենք ցանկանում ենք: Բայց այն, այսօրվա դրությամբ, թեմային վերաբերող ամենաբարձր իրավական ակտն է ԳԴՀ-ի տարածքում, որը իր հերթին մեզ գործելու, խնդրի արդիականությունը զարգացնելու իրավական հնարավորություն է տալիս: Մեր ցավը կիսող, մեզ աջակցող և իրերը իրենց անունով կոչող բոլոր գերմանացիներին մենք պետք է երախտապարտ լինենք», - եզրափակեց Գրիգորյանը:
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Պոնտոսի հույների համայնքի ներկայացուցիչը, որը հույն ժողովրդի անունից կոչ արեց Թուրքյաին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, իսկ Գերմանիաի կառավարությանը` իբրեւ ականատես պետություն,կոչ արեց աջակցելու Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում: Միեւնոյն ժամանակ, նա վստահեցրեց, որ Պոնտոսի հույները միշտ պատրաստ են թիկունք կանգնելու հայ ժողովրդին:
Զեկույցով հանդես եկավ Բոխումի համալսարանի դասախոս, նույն համալսարանին կից Սփյուռքի և Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր դոկտոր Միհրան Դաբաղը, որը ներկաներին մանրամասնորեն ներկայացրեց ինչպես Ցեղասպանությունը և այդ աղետի հետեւանքները, այնպես էլ դրա ճանաչմանն ուղղված որոշ քաղաքական իրադարձությունները: Պրոֆ. Դաբաղը նշեց, որ ներկայիս քաղաքականությունը, որը փորձում է հաշտեցնել Թուրքիային և Հայաստանին, հարցի սխալ մոտեցում է, քանի որ այս պարագային Ցեղասպանություն կատարողը եւ Ցեղասպանության զոհ դարձածը ներկայացվում են միեւնույն մակարդակի վրա: Ըստ պրոֆեսոր Դաբաղի` ճիշտ ուղին այն է, որ Թուրքիան նախ ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, ապա ձեռնարկվեն երկու պետությունների հաշտեցմանն ուղղված ծրագրեր:
Երեկոն ավարտվեց «100 համերգ` Ցեղասպանության 100-ամյակին» նախագծի մաս կազմող 6-րդ դասական համերգով: Վերոհիշյալ նախագիծը կազմակերպված է ՀՀ Մշակույթի նախարարության և «Փյունիք» հիմնադրամի կողմից:
Հանրահայտ դաշնակահար Վարդան Մամիկոնյանը տպավորիչ և վիրտուոզ կարողություններով հանդիսատեսին ներկայացրեց Բախ-Բուսոնիի «Chaconne», Ֆրանց Լիստի «Funérailles», ինչպես նաև Առնո Բաբաջանիանի «Poéme»: Վարդան Մամիկոնյանի` դաշնամուրի նվագակցությամբ համերգին, մասնակցեցին Գեւորգ Հաճյանը, Գոր Հարությունյանը և Հրաչուհի Բասենցը:
Հայաստանաբնակ տենոր Գեւորգ Հաճյանը իր խնկաբույր ձայնով ներկայացրեց Կոմիտաս վարդապետի «Հայր մեր 1915» կամ «Աղոթք մանկան շրթերով» վերջին ստեղծագործությունը, ինչպես նաեւ Դանիել Երաժշտի «Ապրիլ 24» երգը, Երանյանի «Կիլիկիա»-ն, ավարտելով իր ելութը Կոմիտաս Վարդապետի գլուխգործոց «Անտունի» ստեղծագործությամբ:
Նյուրնբերգի օպերաի երգիչ Գոր Հարությունյանը վարպետորեն ներկայացրեց Կոմիտաս Վարդապետի «Գարուն ա», «Կանչե կռունկ», «Հայաստան» և «Իմ Արարատ» ստեղծագործությունները, իսկ Նյուրնբերգի Օպերաի մեներգչուհի Հրաչուհի Բասենցը գրավեց ներկաների սրտերը իր հուզիչ եւ գեղեցիկ ձայնով` ներկայացնելով կոմիտասյան «Օրոր», «Ալագյազ» և «Դլե յաման» երգերը:
Միջոցառման ավարտին արվեստագետները միասին երգեցին Կամիտասի «Հով արեք»-ը: