Իր աշխատանքներն է սկսել Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի 11-րդ համաժողովը

Իր աշխատանքներն է սկսել  Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի 11-րդ համաժողովը 09.07.2024

Սույն թվականի հուլիսի 7-10-ը Իսպանիայի Մալագա քաղաքում սկսվել են Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ)կողմից կազմակերպված, մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված «Պաշտամունքի վայրերի և մշակութային ժառանգության անվտանգությունը, ֆինանսական, քաղաքական և իրավական պաշտպանությունը» խորագիրը կրող ամառային 11-րդ համաժողովի աշխատանքները։

ԵԵԿ 11-րդ ամառային համաժողովը համախմբել է ԵԵԿ անդամ եկեղեցիների ներկայացուցիչներին և գործընկեր կազմակերպություններին։ Եվրոպայում տեղի ունեցող պատերազմների և ռազմական բախումների համատեքստում Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսը մշակել է «Խաղաղության ուղիներ» նախագիծը, դրանով իսկ երկխոսության և համագործակցության հարթակ տրամադրելով ԵԵԿ-ի անդամ եկեղեցիներին, ինչպես նաև քննարկելու տարածաշրջանում պատերազմների հետևանքով առաջացած մարտահրավերները՝ ի թիվս որոնց արդարության և ազատության միջոցով խաղաղության հաստատումը, մարդու հիմնարար իրավունքների և կրոնի ազատության, փախստականների և բռնի տեղահանված ժողովրդների իրավունքների ու մշակութային ժառանգության պաշտպանությունը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ԵԵԿ 11-րդ ամառային համաժողովի աշխատանքներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում է ԵԵԿ Կառավարման Խորհրդի անդամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Միջոցառմանը Հայր Սուրբը հանդես եկավ Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման, սրբավայրերի պաշտպանության և բռնի տեղահանված արցախահայության հիմնարար իրավունքների վերականգնման հրատապության վերաբերյալ զեկույցով։