Տեղի ունեցավ Գյումրի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը
Դեկտեմբերի 7-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ Շիրակի թեմի Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի էր բերվել նաև Փրկչի Խաչափայտի մասունքը։
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսվել էին դեռևս 1999 թվականից:
Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Շիրակի թեմի հոգևոր սպասավորներ, մշակույթի ու հասարակական գործիչներ և եկեղեցու օծման առիթով Շիրակի մարզի ու Հայաստանի տարբեր վայրերից Գյումրի ժամանած բազում ուխտավորներ:
Վեհափառ Հայրապետը եկեղեցականների հանդիսավոր թափորով նախ առաջնորդվեց դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում կանգնեցված երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձան, որտեղ ծաղկեպսակի զետեղումից հետո աղոթք բարձրացրեց առ Աստված անմեղ զոհերի հոգիների խաղաղության և հանգստության համար։
Ապա «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը բաշխելով ներկաներին, մուտք գործեց վերանորոգված եկեղեցի, ուր սկսվեց վերաօծման սրբազան արարողությունը:
Հընթացս արարողության` շարականների ու սաղմոսերգության ներքո, ջրով և գինով լվացվեցին տաճարի Սուրբ Սեղանը: Այնուհետև աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Սուրբ Սեղանի օծումը:
Մինչ այդ՝ դեկտեմբերի 5-ին, կատարվել էր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքի արարողությունը։
Արարողության ավարտին Հայոց Հայրապետը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման առիթով իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին՝ հայց վերառաքելով Երկնավոր Տիրոջը վերանորոգված պատմական աղոթավայրի հավետ պայծառության, այլև հայրենի երկրի խաղաղության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի ապահովության ու բարօրության համար։
«Հարյուր հիսունամյա այս տաճարը, որ խոնարհվել էր 1988 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով, աղետից երեսունվեց տարի անց վերստին իր դռներն է բացում Քրիստոսասեր ու ավանդապահ գյումրեցի հավատավոր Մեր զավակների և ուխտավորների առջև։ Հիշում ենք երկրաշարժն իր սարսափելի հետևանքներով, որ հազարավոր կյանքեր խլեց, շատերին անօթևան դարձրեց, մեր հայրենիքը և ժողովրդին կանգնեցրեց բազում դժվարությունների առջև։ Խորհրդանշական է, որ երկրաշարժի նույն օրը կատարում ենք տաճարի վերաօծման արարողությունը։ Մեր հոգիները, որ կրում են ողբալի իրադարձության տարիների վիշտն ու վերքերը, եկեղեցու վերականգման առիթով քաջալեր զգացումներով են պարուրվում՝ որպես առհավատչյա նաև այսօրվա մեր կյանքի նեղությունների ու խնդիրների հաղթահարման և մեր ազգի խաղաղ ու բարօր հարատևության։ Տասնամյակների ընթացքում աղետահար Մեր ժողովուրդը իր աշխատանքով, բարեկամ երկրների աջակցությամբ շտկեց իր մեջքը և վերածնունդ ապրեց։ Նույնպես և Գյումրիի սրտում խոնարհված այս եկեղեցին ավերակներից վեր հառնեց Շիրակի թեմի բարեպաշտ հայորդյաց աստվածսիրության և զորեղ հավատքի վեմի վրա։ Հիրավի, հավատքի վեմի վրա է Աստված հիմնում եկեղեցին, ինչպես շեշտվում է մեր հայրերի աղոթքում. «Հիմնեցուցեր զեկեղեցի Քո ի վերայ վիմի հաւատոյ»»,-ասաց Վեհափառ Հայրապետը՝ գոհունակությամբ ընդգծելով, որ Տիրոջ ողորմությամբ այսուհետ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարկի ներքո վերսկսվելու են աստվածպաշտական արարողությունները, և երկնավոր շնորհներն ու օրհնություններն են բաշխվելու հավատավոր հայորդիներին։
Իր խոսքում Նորին Սրբությունը հիշեցրեց, որ հայորդիների եկեղեցանվիրումի ու առ Աստված մշտավառ հավատքի շնորհիվ կառուցվող և վերականգնվող ամեն մի սրբավայր դառնում է հույսի ու զորության աղբյուր՝ հայրենիքի հանդեպ սիրով, բարությամբ և ազնվությամբ զորացնելով Քրիստոսին հավատացող ազգի զավակների ոգին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև փաստեց, որ հայ ժողովրդի հոգևոր կյանքը Եկեղեցու շուրջ համախումբ մնալով է ծաղկում, Եկեղեցու շուրջ համախումբ մնալով է ամրապնդվում ժողովրդի կամքը՝ սրբազան արժեքներով ապրելու և դիմակայելու ապազգային ընթացքներին, պայքարելու վասն արդարության ու ճշմարտության և ազգային իրավունքների պաշտպանության:
«Շիրակցիների հավատավոր, աննկուն ոգու յուրօրինակ խորհրդանիշ է այս եկեղեցին։ Սիրելիներ, որքան անսասան պահենք ու ամուր դարձնենք մեր հավատքը, այնքան զորություն պիտի ունենանք միասնաբար մեր կյանքի նեղությունները հաղթահարելու, հեռու վանելու քինախնդրությունը, վախն ու խարդավանքը և մեզ պատած վշտերի ու կորուստների խավարի մեջ արշալույս բացելու։ Վերականգնված Սուրբ Ամենափրկիչ տաճարը այս իրողության հոյակերտ վկան ու ապացույցն է»,-ասաց Հայոց Հովվապետը՝ պատգամելով ամենքին լինել ոգով անկոտրում և հոգևոր մեր արժեքները դարձնել ամուր հիմը միասնության, առ հայրենին աննվազ սիրո, դարձնել պատվար փորձությունների հաղթահարման և ազգային ինքնության անխաթար պահպանման։
Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց հավատացյալներին միշտ շեն ու պայծառ պահել Սուրբ Ամենափրկիչ գեղեցկակերտ եկեղեցին, բանուկ պահել ճանապարհը դեպի նվիրական տաճարը՝ հաստատելով, որ Մայր Եկեղեցուն հավատարիմ մնալով, մեր վերելքը խարսխելով աստվածահաճո գործերի և ազգանվիրումի վրա՝ կամրագրենք երաշխիքը բարեհույս կյանքի և հզոր, զարգացող հայրենիքի։
Այնուհետև Նորին Սրբությունն իր Հայրապետական բարձր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, թեմի հոգևոր սպասավորներին, թեմական և ծխական խորհրդի անդամներին, ինչպես և եկեղեցու վերականգնման գործում իրենց նպաստը ներդրած բոլոր անձանց՝ ի գլուխ տիար Վարդան Ղուկասյանի։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթեց, որ Բարձրյալն Աստված Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի հայ ժողովրդին, հոյաշեն Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և խաղաղություն շնորհի հայրենի մեր երկրին, բարօրություն, ապահով ու անվտանգ կյանք համայն մեր ժողովրդին։
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման հիշարժան իրադարձության կապակցությամբ Հայոց Հովվապետը եկեղեցուն ընծայեց Քրիստոսի խաչելության սրբապատկերը՝ որպես մշտաբուխ աղբյուր Սուրբ Էջմիածնից բաշխվող օրհնության, իսկ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին իր բազմամյա վաստակի և նախանձախնդիր ծառայության գնահատանքով շնորհեց եպիսկոպոսական պանակե։
Ընդառաջ թեմակալ առաջնորդի միջնորդության` Վեհափառ Հայրապետը նաև տիար Վարդան Ղուկասյանին փոխանցեց նրան շնորհված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանը։
Այնուհետև ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։
Հավարտ Սուրբ Պատարագի` Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի։