Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ
Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանի համար այս ծանր ու դժվարին ժամանակաշրջանում դեսպանի իրականացրած ծառայությանը՝ գնահատելով վերջինիս ջանքերն ուղղված երկու բարեկամ երկրների միջև կապերի առավել ամրապնդմանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը խոսեց նաև հայ և իտալացի ժողովուրդների ընդհանրությունների, ինչպես և Հայ Առաքելական ու Կաթոլիկ Եկեղեցիների սերտ գործակցության մասին:
Իր հերթին դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Հայաստանում պաշտոնավարման իր փորձառությունը և ջերմ տպավորությունները` ընդգծելով, որ այս ընթացքում առիթ է ունեցել լավագույնս ճանաչելու հայ ժողովրդին և հաղորդ դառնալու Հայաստանի պատմական ու հոգևոր արժեքներին։
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթեց նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: