Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչներին 02.12.2024

Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պրոռեկտոր Քրիստիան Վինցեին, համալսարանի պատմության ինստիտուտի տնօրեն Շանդոր Ուզեին և հայագիտության ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչին՝ ուղեկցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանի։

Հանդիպմանը տիար Հովհաննիսյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց ՀՊՄՀ և Կաթոլիկ համալսարանի միջև առկա փոխգործակցության մասին՝ ի մասնավորի անդրադառնալով վերջինիս հայագիտության ամբիոնի բեղուն գործունեությանը։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց հյուրերին Հայաստանի կրթական հաստատությունների հետ սերտ գործակցության և Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների խթանման ուղղությամբ տարվող աշխատանքների համար։

Իր հերթին պրոռեկտոր Քրիստիան Վինցեն Վեհափառ Հայրապետին ներկայացրեց համալսարանի գործունեության շրջանակները՝ շնորհակալություն հայտնելով ՀՊՄՀ և Կաթոլիկ համալսարանի միջև խորացող համագործակցությանն աջակցելու համար։ Պրոռեկտորը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում Մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետում բացվելու է հունգարագիտական կենտրոն։

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը անդրադարձ կատարեց Հայաստանում տիրող իրավիճակին, արտաքին մարտահրավերներին և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի դատապարտելի նկրտումներին։ Նորին Սրբությունը նաև հիշեց 2021 թ. դեկտեմբերին Հունգարիայի իշխանությունների և Կաթոլիկ եկեղեցու գործադրած միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր եղավ հայրենիք վերադարձնել Ադրբեջանում պահվող հինգ ռազմագերիների։

Հանդիպմանը մտահոգություն արտահայտվեց Արցախի մշակութային-հոգևոր ժառանգության ոչնչացման և յուրացման դեպքերի կապակցությամբ, կարևորվեց միջազգային հանրության գործուն աջակցությունը Ադրբեջանի նմանօրինակ քաղաքականության կանխման և պատանդառված ռազմագերիների ազատ արձակման գործում։