Օգնություն Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և «Եկեղեցիների համատեղ գործողություն» ալյանսի ֆինանսավորմամբ նախաձեռնել է արագ արձագանքման ծրագիր` Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին օգնելու նպատակով: Այն նախատեսում է սնունդ և առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներ տրամադրել առավել կարիքավոր 200 ընտանիքների:
Հումանիտար օգնության և պարենային ծրագրի մեկնարկը տրվեց դեկտեմբերի 10-ին: Ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի հետ համագործակցաբար, նախաձեռնությանն իր զորակցությունն է բերել նաև «Երևան Սիթի» խանութների ցանցը: Դեկտեմբերի 11-ին և 17-ին թեմի առաջնորդարանում հիմնադրամը շահառու ընտանիքներին կտրամադրի հատուկ քարտեր, որոնցով հնարավոր կլինի որոշակի պարբերականությամբ անհրաժեշտ գնումներ կատարել «Երևան Սիթի» խանութներում:
Ծրագրի կազմակերպչական աշխատանքներից բացի Կլոր Սեղանի աշխատակիցներն ու թեմի հոգևորականները կիրականացնեն նաև տնայցեր, որոնց ընթացքում կծանոթանան այդ ընտանիքների կարիքներին, կցուցաբերվի հոգևոր աջակցություն: