«Ֆրանսիայի հայ երիտասարդություն» ընկերակցության անդամներն այցելեցին Սուրբ Էջմիածին
Հուլիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա.» կրթական կենտրոնում ընդունեց Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» ընկերակցության ներկայացուցիչներին` Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և ընկերակցության ղեկավար պրն. Պասկալ Շամասյանի ուղեկցությամբ:
Ողջունելով մշակութային միության անդամներին, սաներին և ուսուցիչներին` Վեհափառ Հայրապետն անդրադարձավ հովվապետական այցի ընթացքում ընկերակցություն կատարած իր այցելությանը և այն կարևոր ջանքերին, որ այն գործադրում է` մատաղ սերնդին հայեցի կրթության և դաստիարակության ապահովման, ազգային ոգու և գիտակցության պահպանման ուղղությամբ:
Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց պատանիներին` հորդորելով պահպանել իրենց ազգային ինքությունը և շարունակել ապրել Ֆրանսիայում իբրև ազգի հավատարիմ զավակներ, որպեսզի իրենց կյանքը դառնա հպարտություն յուրաքանչյուր հայորդու համար: Գարեգին Բ. Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ ուխտագնացությունը հայրենիք, հաղորդ դառնալը հարազատ ժողովրդի պատմությանը և բազմադարյա ժառանգությանը նորովի պիտի բացահայտի իրենց ինքնությունը` ոգևորելով և ներշնչելով հարազատ մնալու ազգային արժեքներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր գնահատանքը փոխանցելով ընկերակցության վարչության անդամներին և նախագահին, պատգամեց շարունակել հայապահպանությանն ուղղված օրհնյալ ծառայությունը:
Վեհափառ Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հովվապետի հոգևոր կյանքի և սպասավորության առաջին քայլերին, առաջիկա հովվապետական այցերին և «Գարեգին Ա.» կրթական կենտրոնի գործունեությանը: