Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությունը ժամանեց
Մայիսի 25-ին, Համբարձման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանեց Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու պետ` Կարելիայի եւ Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լեո Մակկոնենի գլխավորած պատվիրակությունը:
Օդանավակայանում Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու պետին դիմավորեցին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Մայր Աթոռի վարչակազմակերպական գործերի կառավարիչ Տ. Փառեն եպս. Ավետիքյանը, Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ վրդ. Մանուկյանը, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Ղուկաս աբղ. Զաքարյանը:
* * *
Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհարանի հարկի ներքո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կարելիայի եւ Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լեոյին եւ իր պատվիրակությանը:
Ընդունելությունից հետո Մայր Աթոռի միաբանների թափորի ուղեկցությամբ, զանգերի հանդիսավոր ղողանջների ներքո Ամենայն Հայոց Հայրապետը եւ Լեո Արքեպիսկոպոսն ուղղվեցին դեպի Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի մոտ սաղմոսների ընթերցանությունից հետո աղոթք կատարվեց, ապա տեղի ունեցավ բարիգալստյան պաշտոնական արարողությունը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու պետին ողջունեց Մայր Աթոռի միաբան Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանը: Սրբազան Հայրն իր խոսքում ներկայացրեց Մայր Աթոռի` Միածնի էջքով հիմնադրման պատմությունը, հայ ժողովրդի կյանքում բացառիկ առաքելությունը` նկատելով նաեւ, որ Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու պետի այցը Մայր Աթոռ համընկավ Տիրոջ Համբարձման տոնախմբմանը եւ Հայ Եկեղեցու համար նվիրական ազգային տոնին` 1441թ.-ին Հայոց Հայրապետական Աթոռի Սսից փոխադրման եւ Սուրբ Էջմիածնում վերահաստատման հիշատակի օրվան:
Նորին Սրբությանը, միաբաններին եւ ներկա բարեպաշտ ժողովրդին իր խոսքն ուղղեց նաեւ Լեո Արքեպիսկոպոսը: «Սիրտս լի է ուրախությամբ, որ Աստծո օգնությամբ եւ Ձերդ Սրբության հրավերով ինձ հաջողվեց այցելել ձեր այս շատ գեղեցիկ, անկախ եւ հնագույն քրիստոնյա երկիրը: Առանձնահատուկ երախտիքի եւ ցնծության զգացումներով է, որ այցելում եմ այս երկիր, որն առաջինն էր աշխարհում, որ քրիստոնեությունն ընդունեց որպես ազգային կրոն, մի երկիր, որտեղ առաքելական հաջորդականությունը պարզապես եկեղեցու դավանաբանության եւ քահանայության հարց չէ, այլ ուղղակիորեն առնչվում է այն փաստին, որ Եկեղեցու հիմնադիրները եղել են առաքյալներից երկուսը: Ուրախ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռնվել քայլելու Ս. Թադեոսի եւ Ս. Բարդուղիմեոսի հետքերով:
1700 տարիներ ի վեր առաքելական ուղղափառ հավատքը անբաժանելի մասն է եղել ձեր ժողովրդի կյանքի եւ յուրահատուկ մշակույթի, իսկ քրիստոնեությունն ու Սուրբ Եկեղեցին եղել են կապ, հույսի աղբյուր եւ զորություն բոլոր հայերի համար` անկախ նրանից, թե ապրում են նրանք այս երկրում, թե արտասահմանում: Մեր պատմության դասագրքերից գիտենք, թե այս երկիրն ինչ տառապանքներ է կրել` պաշտպանելու քրիստոնեական հավատքը, եւ թե ինչ վճռական պայքար է մղել` հաճախ մեծ զոհերի գնով, այստեղ` Արեւելքում պահպանելու քրիստոնեության ամրոցը: Դուք անսասանորեն գոյատեւել եք եւ պահպանել ձեր հավատքը ի հեճուկս հարեւան ժողովուրդների ճնշումների եւ անաստվածության լծի: Միայն սրանով էլ ձեր Եկեղեցին կարող է հիանալի օրինակ հանդիսանալ ամբողջ քրիստոնյա աշխարհի համար»,-ասաց Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու պետն իր խոսքում` անդրադառնալով նաեւ Ֆինլանդիայում Ուղղափառ Եկեղեցու կյանքին:
Կարելիայի եւ Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոսը վերհիշեց նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Ֆինլանդիա 2004 թվականի հունիսին, որն առաջին քայլը դարձավ երկու եկեղեցիների միջեւ հարաբերությունների հաստատման համար:
Ապա Լեո Արքեպիսկոպոսին եւ իր ուղեկից անձանց բարի գալուստ մաղթեց Վեհափառ Հայրապետը: «...Մենք փառք եւ գոհություն ենք առ Աստված բարձրացնում, որ այս առիթն է ընձեռել կանգնել այս պահին նվիրական մեր հավատքի կենտրոնի` սուրբ Էջմիածնի Իջման Սուրբ Սեղանի առջեւ եւ միասին աղոթք առաքել առ Աստված մեր ժողովուրդների ապահով ու բարօր կյանքի եւ աշխարհի խաղաղության համար, ժողովուրդների եղբայրության եւ պետությունների համագործակցության համար: ...Բազում Եկեղեցիների հոգեւոր պետեր դարերի ընթացքին այս Սուրբ Սեղանի առջեւ իրենց աղոթքն են առ Աստված բարձրացրել: Մենք հավատում ենք, որ համտեղ մեր աղոթքները գալիս են առավել զորացնելու եղբայրությունը ազգերի, եղբայրական սերը երկու Եկեղեցիների` մերձեցնելով նրանց իրենց առաքելության մեջ, որ ուղենշված է մեր Երկնավոր Տիրոջ կողմից:
`Խորհրդանշական է Ձեր ներկայությունը այսօր Մայր Տաճարում, որը Տիրոջ երկրավոր կյանքից երկու հազար տարիներ հետո գալիս է վկայելու, որ Քրիստոսի սուրբ Եկեղեցու հետեւորդները` սպասավորներ եւ հավատացյալներ շարունակում են հավատարիմ մնալ Տիրոջ նվիրական սիրո պատգամին: Եվ մենք այս պահին աղոթք ենք երկինք բարձրացնում, որ այս սերը լինի անսասան մեր Եկեղեցիների մեջ, Քրիստոսի Սուրբ Եկեղեցու մեջ, այդ սերը առաջնորդի մեզ մեր ծառայության մեջ»,- նշեց Նորին Սրբությունը` հայցելով Տիրոջ սերը, շնորհը եւ ողորմությունը Ֆինլանդիայի ժողովրդին, պետությանը եւ Ֆինլանդիայի մեջ գործող եկեղեցիներին:
Արարողությունից հետո Ամենայն Հայոց Հովվապետը եւ Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու պետը մասնակցեցին Սուրբ Պատարագի:
Պատարագի սրբազան արարողության ավարտին Կարելիայի եւ Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոսն այցելեց նաեւ Մայր Աթոռի թանգարաններ:
Նույն օրը Գարեգին Բ Հայոց Հայրապետը եւ Լեո Արքեպիսկոպոսն այցելեցին Սուրբ Գեղարդի վանք: