Ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնվեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական նոր շենքի հիմքերը
Օգոստոսի 31-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնվեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կառուցվող միաբանական նոր շենքի հիմքերը:
Այս ձեռնարկն իրականացվում է ազգային մեծ բարերար Ալեք Մանուկյանի որդու՝ Ռիչարդ Մանուկյանի հովանավորությամբ և Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Ռուբեն Ազատյանի նախագծով:
Երկհարկանի շենքն ունենալու է 50 սենյակ: Միաբանական կացարանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2004թ.:
Հիմքերի օրհնությունից հետո Վեհափառ Հայրապետն իր օրհնության խոսքն ուղղեց բարերարներին և ներկաներին: «Մեր աղոթքն է, որ Տերը զորացնի մեր Եկեղեցին և ուժ, կորով պարգևի մեզ՝ եկեղեցականներիս, մեր առաքելությունն ամբողջանվեր իրականացնելու և արդարացնելու այն բոլոր հույսերն ու ակնկալիքները, որ ունի ժողովուրդը մեր հանդեպ»,- ասաց Նորին Սրբությունը:
Հիմնօրհնեքի արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, բարերարի քույրը՝ Լուիզ Սիմոն Մանուկյանն իր դստեր հետ, հյուրեր սփյուռքից, Մայր Աթոռի աշխատակազմի անդամներ և հավատացյալներ: