Օծվեց Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցին
Օծվեց Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցին
«Շարունակեք փարված մնալ մեր Սուրբ Եկեղեցուն, ապավինած մնալ մեր հայրերի Սուրբ Աստծուն, նրանց սուրբ հավատքին, որպեսզի փորձությունները չկարողանան շեղել մեր ճանապարհը»
Գուգարաց թեմում Սուրբ խաչի գյուտի տոնը նշանավորվեց Վանաձորի առաջնորդանիստ եկեղեցու օծմամբ: Հոկտեմբերի 23-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծվեց Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի նորակառույց եկեղեցին: 2002թ. մայիսին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կատարվել էր այս եկեղեցու հողօրհնեքը, իսկ 2003թ. հունիսին` հիմնարկեքը: Ի նշանավորումն 2003թ. տոնախմբվող Սբ. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի 1000-ամյա հոբելյանի եկեղեցին կոչվեց Սբ. Գրիգոր Նարեկացու անվամբ: Եկեղեցին կառուցվել է շնորհիվ ամերիկաբնակ տեր եւ տիկ. Սարգիս եւ Հռութ Բեդեւյանների ազնիվ բարերարության: Եկեղեցու նախագծի հեղինակն է ճարտարապետ Ռուբեն Ազատյանը:
Առաջնորդանիստ եկեղեցու առջեւ խմբված հավատացյալ ժողովրդի բազմությունը Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի եւ հոգեւոր դասի գլխավորությամբ հաց ու աղով դիմավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին: «Հրաշափառի» երգեցողության ներքո Նորին Սրբությունն առաջնորդվեց նորակառույց եկեղեցի, ուր կատարվեց եկեղեցու օծման արարողությունը:
Հայցելով Աստծո օրհնությունն ու հովանավորությունը` Հայոց Հայրապետն սրբալույս մյուռոնով օծեց եկեղեցու սուրբ սեղանը: Ձեռամբ թեմակալ առաջնորդի օծվեց մկրտության ավազանը:
«Մենք այս օրվան 2 տարի առաջ էինք պատրաստվել, եւ օր ավուր մեր սիրտը տրոփում էր` սպասելով, թե երբ Ձերդ Սրբությունը Հայրապետական սուրբ աջով պետք է թակի դռները Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու, ներս մտնի եւ իր օրհնությամբ մեզ օրհնի»,- նշեց Սեպուհ Սրբազանը:
Ապա համախումբ հավատացյալ ժողովրդին իր Հայրապետական խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Փառք եւ գոհություն ենք բարձրացնում առ Աստված, որ տերն արժանացնում է մեզ այսպիսի շնորհների. հայոց ազատ ու անկախ հողի վրա հառնում են եկեղեցիներ, որպեսզի մեր ժողովրդի աղոթքով եւ մեր եկեղեցիների օրհնությամբ զորանա ու առաջընթաց ապրի ազատ մեր կյանքը»,- ասաց Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն իր գնահատանքը, սերն ու օրհնությունը բերեց եկեղեցու ազնիվ բարերարներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հայ ժողովրդին ծառայությանը ինչպես հեռավոր ԱՄՆ-ում, այնպես եւ Հայրենիքում: Հայոց Հայրապետը տեղեկացրեց նաեւ, որ տեր եւ տիկ. Սարգիս եւ Հռութ Բեդեւյանների բարերարությամբ ծրագրվում է եկեղեցուն հարակից հիմնել Հայորդյաց տուն, ինչպես նաեւ առողջապահական կենտրոն եւ բարեգործական ճաշարան:
Վեհափառ Հայրապետն իր բարձր գնահատանքը հայտնեց նաեւ թեմի բարեջան առաջնորդին եւ թեմի բոլոր հոգեւոր սպասավորներին, ովքեր իրենց ծառայությունն են բերում դժվարին պայմաններում: Նորին Սրբությունն իր շնորհավորանք ուղղեց նաեւ Վանաձորի բնակիչներին` հորդորելով հավատարիմ մնալ իրենց հայրերի հոգեւոր արժեքներին: «Առավել չափով այս տարածաշրջանում կրոնական տարբեր կազմակերպություններ ու աղանդներ հարձակվել են մեր հավատավոր հոտի վրա եւ փորձում են ցրել այն, խախտել հոգեւոր ու ազգային մեր միաբանությունը: Եվ ես վստահ եմ, սիրելի բարեպաշտ հայորդիներ, որ ձեր նախանձախնդիր ոգին պատնեշ պիտի դնի նրանց առջեւ, եւ նրանք չպիտի կարողանան արմատներ նետել հայոց պատմական այս հողի մեջ, որ 1700-տարվա քրիստոնեական հավատով է շնչում:
Հավատում ենք, սիրելի վանաձորցիներ, որ դուք պիտի շարունակեք ձեր սերը առատորեն դրսեւորել դեպի ձեր Հայրը` Քրիստոսի Ավետարանն ու հանդեպ ձեր մայրը` որ է Առաքելական մեր սուրբ Եկեղեցին: Արդարեւ, նրանք ծնողական գուրգուրանքով ու սիրով պահել ու պահպանել են մեզ մեր պատմության բոլոր դժվարությունների ու փորձությունների մեջ, ինչպես ծնողը կպաշտպանի իր զավակին տկարության մեջ: Ազգը հայոց ապրել է միշտ ապավինած սուրբ Ավետարանին, ապավինած իր Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Շարունակեք փարված մնալ մեր Սուրբ Եկեղեցուն, ապավինած մնալ մեր հայրերի Սուրբ Աստծուն, նրանց սուրբ հավատքին, որպեսզի փորձությունները չկարողանան շեղել մեր ճանապարհը, եւ մենք քայլենք դեպի մեր ազգի ու մեր պետության վաղվա լուսավոր ու պայծառ օրը»,- մասնավորաբար ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մաղթելով ժողովրդին, որ Նարեկա սրբի աղոթքները միշտ ունենա իր շուրթերին, որպեսզի այդ աղոթքները հրաշագործեն մեր կյանքում:
Օծման արարողությունից հետո Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցվեց Հայրապետական պատարագ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռքից ս. հաղորդություն ստացան հարյուրավոր վանաձորցիներ եւ հյուրեր:
Հավարտ պատարագի տեր եւ տիկ. Սարգիս եւ Հռութ Բեդեւյանների ամուսնության 40-ամյակի առիթով կատարվեց իրենց պսակադրության օրհնության հատուկ կարգ:
Օծման արարողությանը ներկա էին Հայաստանի թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջ. Էվանսը, Լոռու մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, եկեղեցու օծման առիթով Սփյուռքից Հայաստան ժամանած շուրջ հարյուր ուխտավորներ, հազարավոր վանաձորցիներ:
Հիշարժան այս օրը Տիար Սարգիս Բեդեւյանին` ի գնահատություն իր ազնիվ բարերարության, Վանաձորի քաղաքային իշխանությունները շնորհեցին Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչում: