Օծվեց Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի Սբ. Երրորդություն նորակառույց եկեղեցին
Նոյեմբերի 20-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծվեց Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի նորակառույց Սբ. Երրորդություն եկեղեցին: 2001թ. հունիսի 7-ին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կատարվել էր եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, իսկ 2004 թ. նոյեմբերի 9-ին` խաչերի օծման արարողությունը: Եկեղեցին կառուցվել է ազգային բարերար տիկ. Լուիզ Մանուկյան Սիմոնի ազնիվ բարերարությամբ: Նորակառույց եկեղեցու ճարտարապետն է լուսահոգի Բաղդիկ Արզումանյանը:
«Հրաշափառի» երգեցողության ներքո, եկեղեցականների հանդիսավոր թափորի ուղեկցությամբ, իր օրհնությունը բաշխելով հավատացյալ ժողովրդին, Նորին Սրբությանը մուտք գործեց նորակառույց տաճար: Եպիսկոպոսաց դասի հետ մեկտեղ Հայոց Հայրապետը սրբալույս մյուռոնով օծեց եկեղեցու սուրբ սեղանը, ապա սրբազաններն օծեցին եկեղեցու սբ. խորանի սյուները եւ մկրտության ավազանը: Եկեղեցու մյուս սյուները դեռ նախորդ օրը, երեկոյան ժամերգությունից առաջ, օծել էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը թեմի հոգեւոր դասի հետ մեկտեղ:
Հավարտ արարողության խուռներամ հավատացյալներին դիմեց Նավասարդ Սրբազանը. «Եկեղեցի կառուցելը աստվածահաճո եւ սրբազան, նվիրական գործ է, բայց եկեղեցին պահելը ամենքիդ գործն է: Այս եկեղեցին պիտի լինի այն վկայությունը մեր հավատքի զորության, որ մենք ունենք երկու հազար տարի շարունակ: Եկեղեցին պահելով` մենք ինքներս եկեղեցի ենք դառնում, եւ այդ եկեղեցու կենդանարար զորությունը կապված է մեր անսասան հավատքի հետ: Մեր Վեհափառ Հայրապետը սկսել է աննախընթաց եկեղեցաշինության մի գործընթաց, որով ամեն մեկ վայրում աստվածային ներշնչանքով աղոթքի տուն է կառուցվում, որպեսզի երկինքը խոսեցնենք մեր մեջ այդ աղոթատներում եւ մեր աղոթքների մեջ եւս հիշենք մեր Հայրապետին»,- ասաց Սրբազանը` հայցելով Նորին Սրբության օրհնությունը բարեպաշտ ժողովրդին:
«Գոհաբանական աղոթքը մեր շուրթերին մենք եկել ենք Մայր Աթոռ Սբ. էջմիածնից օրհնելու ձեր հոգեւոր ուրախությունը, որ ապրում եք այս պահին սրբազան այս տաճարի օծման արարողությամբ: Երկար տարիներ, սիրելի բարեպաշտ մեր զավակներ, դուք չունեիք հնարավորությունը ձեր աղոթքի տունն ունենալու Հարավ-արեւմտյան այս թաղամասում: Այսօր գոհություն եւ փառք Աստուծո, շնորհիվ ձեր զորեղ հավատքի Աստված պարգեւեց մեզ այս շնորհը, այստեղ դեպի երկինք վեր բարձրացնելու նորակառույց Սբ. Երրորդություն եկեղեցին:
...Եվ այսօր լուսավոր տաճարն իր դռները բացել է մեր հավատավոր զավակաց առջեւ, ովքեր վստահաբար բանուկ պիտի պահեն այս եկեղեցու ճանապարհը, պիտի գան այստեղ հաղորդվելու նվիրական այս Ս. Սեղանին` մեր Տիրոջ մարմնով ու արյամբ: Պիտի գան իրենց հավատքն ու կամքը զորացնելու, որպեսզի օրհնությունն Աստուծո հեղվի հայոց կյանքի վրա, լցվի ջերմ օջախներից, իրենց ընտանեկան հարկերից ներս: Այստեղ պիտի գան մեր զավակները մկրտվելու եւ ընդունելու Քրիստոսադրոշմ կնիքը հայկականության եւ իրենց զավականերին Տիրոջ պատվիրանների ու պատգամների մեջ առաջնորդելու, որպեսզի նրանք ապրեն իբրեւ արժանավոր զավակներ մեր հայրերի ու մեր ազգի եւ կառուցեն աստվածային սիրով, նախանձախնդրությամբ մեր հայրենի երկիրը: Այստեղ պիտի գան մեր ժողովրդի զավակները ընտանեկան պսակադրության ուխտը կատարելու, ամուր ընտանիք հաստատելու սիրո հիմքերի վրա, որով եւ ամուր պիտի լինի Հայոց պետությունն ու պետականությունը:
...Մենք հավատում ենք, որ շնորհիվ մեր զորեղ հավատքի, դեպի մեր հայրերի նվիրական սուրբ հավատքն ունեցած հավատարմությամբ մենք պիտի կարողանանք վերստին 1700-ամյա քրիստոնեական մեր հավատքը պտղաբեր դարձնել հայոց կյանքում: Պիտի կարողանանք մեր հավատքի ամրության մեջ հարազատ զավակները կոչվել մեր հայրերի: Մենք հավատում ենք, որ մեր հավատքը, աստվածսիրությունը, մեր հայրենասիրությունը պիտի գան մեզ զորացնելու, որ ի վիճակի լինենք հեռու վանել մեզանից բոլոր այն օտար, խորթ երեւույթները, որոնք որ վտանգում են մեր հայրենի կյանքը եւ մեր հոգեւոր կյանքը»,-նշեց Նորին Սրբությունն իր խոսքում:
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց եկեղեցու ազնիվ բարերարին` տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնին, ում առատաձեռն եւ ազնվահոգի հանձնառության շնորհիվ հնարավոր եղավ այս նվիրական, գեղեցկակառույց ս. եկեղեցու կառուցումը: Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց հայրենի պետությանը` ի դեմս ներկա Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի` եկեղեցաշինության նվիրական գործին մշտապես աջակցելու համար: Վեհափառ Հայրապետը իր մասնավոր գնահատանքը հայտնեց Նավասարդ Սրբազանին եւ թեմի հոգեւոր սպասավորներին: Նորին Սրբությունը իր գնահատանքը բերեց եկեղեցու շինարարներին գլխավորությամբ Ա. Եղիկյանի, ինչպես նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Ա. Գրիգորյանին` եկեղեցու շինարարական ընթացքին մշտական ուշադրություն ցուցաբերելու համար:
Այնուհետեւ սբ. պատարագ մատուցեց Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը: Հավարտ պատարագի մասնավոր հոգեհանգստյան արարողություն կատարվեց բարերարի լուսահոգի ծնողների` Ալեք եւ Մարի Մանուկյանների, ինչպես նաեւ եկեղեցու ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի հոգիների հանգստության համար:
Օծման արարողությանը ներկա էին Տ. Ներսես Արք. Պոզապալյանը, Մայր Աթոռի միջեկեղեցական բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպս. Խաչատրյանը, Մայր Աթոռի միաբաններ, եկեղեցու խորանի Աստվածամոր պատկերի նկարիչ Վարուժան Վարդանյանը, հրավիրյալներ եւ բազմաթիվ հավատացյալներ: