Օծվեց Գեղարդավանքի Սուրբ Կաթողիկե եկեղեցու գմբեթի խաչը
Սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Սուրբ Գեղարդի վանական համալիրում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Սուրբ Կաթողիկե եկեղեցու գմբեթի խաչի օծման արարողությունը։
Սուրբ Կաթողիկե եկեղեցում՝ սուրբ խորանի առջև, ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների երգեցողության ներքո գինով և ջրով լվացվեց խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբալույս մյուռոնով օծեց այն։
Արարողության ավարտին Հայոց Հովվապետն իր պատգամը հղեց ներկաներին՝ մաղթելով, որ նորաօծ խաչը օգնական և պահապան լինի մեր ժողովրդին, հավելի հավատ և հույս հայոց կյանքին։
«Մենք հավատում ենք խաչի զորությանը, որով կյանքի պիտի կոչենք մեր բոլոր իղձերն ու տեսիլքները»,- եզրափակեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։