Օգոստոսի 17-ին Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է
Կիրակի« օգոստոսի 17-ին. Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Վերափոխումն Սբ. Աստվածածնի տոնը: Այն Հայ Եկեղեցու տաղավար հինգ տոներից մեկն է եւ ամենահանդիսավորն ու հնագույնը Սբ. Աստվածածնին նվիրված տոներից: Հիշատակն է Սբ. Աստվածածնի մահվան եւ իր Միածին Որդու` Հիսուս Քրիստոսի խոստման համաձայն երկինք փոխադրվելու:
Ավանդության համաձայն, Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո 12 տարի աղոթական կյանքով ապրում է Երուսաղեմում Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Աստվածամայրը հաճախ այցելում է Որդու գերեզման ու անդադար աղոթում: Այցելություններից մեկի ժամանակ նրան հայտնվում է Գաբրիել հրեշտակապետն ու ավետում Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին ու Տիրոջ առաքյալներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ. Կույսը նաեւ պատվիրում է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնում է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցնում է մի տախտակ ու տալիս Աստվածածնին եւ խնդրում, որպեսզի նա իր պատկերը դրոշմի վրան: Տիրամայրը վերցնում է տախտակը, խաչակնքում եւ դնում երեսին, այնուհետեւ թրջում այն իր արցունքներով եւ խնդրում Աստծուց, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից եւ զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատում են Տիրամոր սնարը, աննկարագրելի մի լույս է երեւում, իսկ վերեւում երեւում է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով Որդուն` Աստվածամայրն ավանդում է հոգին: Սբ. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին «ննջում» եւ ոչ թե «մահ» բառով է որակում` հասկանալի դարձնելու համար նրա` երկինք փոխադրված լինելը:
Հիսուսի մայրն առաքյալների հուղարկավորությամբ թաղվում է Գեթսեմանի ձորակում« որտեղ երեք օր ու գիշեր լսվում են հրեշտակների երգերը: Հուղարկավորությունից բացակայում է միայն Բարդուղիմեոս առաքյալը: Վերադառնալով Երուսաղեմ` նա ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Սակայն երբ առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, այլեւս չեն գտնում Սբ. Կույսի մարմինն այնտեղ, որ նշանակում էր« թե Հիսուս Իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել Աստվածամորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարդուղիմեոսին` ի մխիթարություն:
Ըստ Մովսես Խորենացու, Բարդուղիմեոս առաքյալն այն բերում է Հայաստան եւ զետեղում Անձեւացյաց գավառի Դարբնոց քար կոչված տեղում, ուր հետագայում ի պատիվ Աստվածամոր եկեղեցի եւ կուսանոց է հիմնադրվում:
Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին ակնածանք եւ երկյուղածություն է տածել Աստվածամոր հանդեպ` շեշտելով նրա` Աստծո մայր լինելու հանգամանքը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:
Աստվածածնի Վերափոխման տոնին Սբ. Պատարագից հետո ավանդաբար կատարվում է խաղողօրհնեք: Խաղողը բոլոր պտուղներից նախապատիվ է« որովհետեւ նրանից է պատրաստվում գինին, որը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Խաղողի օրհնությամբ օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը:
* * *
Օգոստոսի 17-ին` Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Մայր Տաճարում կմատուցվի Ս. Պատարագ: Խաղողօրհնեքը կկատարի Սբ. Տրդատի բաց խորանում:
Ս. Պատարագի սկիզբը` ժ. 11.00:
Սբ. Աստվածածնի տոնին հաջորդող երկուշաբթին ննջեցյալների հիշատակության օր է` մեռելոց: