Քահանայական ձեռնադրություն եւ օծում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Քահանայական ձեռնադրություն եւ օծում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում 02.05.2004

Մայիսի 2-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում ձեռամբ Սյունյաց թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանի քահանայական ձեռնադրություն եւ օծում ստացան վեց սարկավագներ:

Նախորդ օրը, երեկոյան ժամերգությունից առաջ Մայր Տաճարում կատարվեց նորընծաների ուղղափառ հավատքի հրապարակային քննություն: Խարտավիլակները վկայեցին նորընծաների հոգեւոր-իմացական պատրաստվածության եւ արժանիքների մասին, իսկ ընծայացուները միաբերան մերժեցին եւ նզովեցին հերետիկոսներին ու հերձվածողներին` ուխտելով հետեւել սուրբ առաքյալների, երանաշնորհ հայրապետների ու վարդապետների հավատքին` ի նշան իրենց ուղղափառ դավանության արտասանելով Ս. Գրիգոր Տաթեւացու հեղինակած «Հավատամքը»:

Կիրակի, հընթացս Ս© Պատարագի, 6 ուխտյալները սաղմոսների փոխասացության ներքո ծնկաչոք բարձրացան Ավագ Ս. Խորան: Դառնալով դեպի հավատացյալ ժողովուրդը` ընծայացուները բարձրացրին իրենց ձեռքերը` ի նշան աշխարհիկ կյանքից հրաժարման: Մեծ հանդիսավորությամբ Ս. Խորան բերվեց Սրբալույս Մյուռոնը, եւ ձեռնադրող Սրբազան Հայրը մեկառմեկ օծեց ընծայացուների ճակատները, աջ եւ ձախ ձեռքերի ափերը` նոր անուններով կոչելով նրանց. Հարություն սրկ. Տերտերյանը վերակոչվեց Տ. Թադեոս քահանա, Վարդան սրկ. Իսախանյանը` Տ. Անդրեաս քահանա, Սարգիս սրկ. Կիրակոսյանը` Տ. Տաթեւ քահանա, Արման սրկ. Հակոբյանը` Տ. Զավեն քահանա, Էդգար սրկ. Հակոբյանը` Տ. Մակար քահանա եւ Մուշեղ սրկ. Սարգսյանը` Տ. Շնորհք քահանա: Աբրահամ Սրբազանը նորաօծ քահանաներին փոխանցեց նաեւ հաղորդության սկիհը` նրանց տալով պատարագելու եւ Տիրոջ մարմինն ու արյունը ժողովրդին բաշխելու իշխանությունը:

Ձեռնադրությունից հետո Ավագ Ս. Խորան բարձրացան Վեհափառ Հայրապետը, Սրբազան Հայրերն ու միաբանները եւ համբուրելով քահանաների Սրբալույս Մյուռոնով օծված ճակատներն ու ձեռքերը` շնորհավորեցին նրանց:

Նույն օրը, երեկոյան ժամերգության ընթացքում կատարվեց նորաօծ երեք քահանաների` Տ. Զավենի, Տ. Մակարի եւ Տ. Շնորհքի վեղարի տվչության եւ աբեղայի օրհնության կարգը:

Ս. Պատարագին մասնակցում էին բարձրաստիճան հոգեւորականներ, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ օտարերկրյա պետություններում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարները: