Քահանայական ձեռնադրություն՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Քահանայական ձեռնադրություն՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում 29.04.2002

Ապրիլի 28-ին, Սբ. Խաչի երեւման տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանի քահանայական ձեռնադրություն եւ օծում ստացան 5 բարեշնորհ սարկավագներ: Սրբազան արարողությունը հանդիսապետում էր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Համաձայն Հայ եկեղեցու ձեռնադրության Մաշտոցի, Սբ. Պատարագի ընթացքում ընծայացուները սաղմոսների փոխասացության ներքո ծնկաչոք բարձրացան Ավագ Սբ. Խորան եւ դառնալով դեպի հավատացյալ ժողովուրդը՝ բարձրացրին իրենց ձեռքերը՝ ի նշան աշխարհիկ կյանքից հրաժարման։ Ձեռնադրող Սրբազան Հայրը օծեց ընծայացուների ճակատները, աջ եւ ձախ ձեռքերի ափերը եւ նոր անուններով կոչեց նրանց. Հովհաննես սրկ. Անտոնյանը վերանվանվեց Տ. Զգոն քահանա, Տիգրան սրկ. Եղիազարյանը՝ Տ. Ռուբեն քահանա, Նելսոն սրկ. Բաբայանը՝ Տ. Մուշեղ քահանա, Հրանտ սրկ. Կոստանյանը՝ Տ. Զոհրապ քահանա, Էդգար սրկ. Սողոմոնյանը՝ Տ. Գնել քահանա։ Օծումից հետո Սրբազան Հայրը նորընծա քահանաներին փոխանցեց հաղորդության սկիհը՝ տալով նրանց պատարագելու եւ Տիրոջ մարմինն ու արյունը ժողովրդին բաշխելու իշխանություն:

Նույն օրը, երեկոյան ժամերգության ընթացքում կատարվեց նորաօծ երեք քահանաների վեղարի տվչության եւ աբեղայի օրհնության կարգ: Տ. Մուշեղ քահանան, Տ. Զոհրապ քահանան եւ Տ. Գնել քահանան դարձան կուսակրոն քահանաներ՝ համալրելով Մայրավանքի միաբանների շարքերը։