Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հանձնախումբը ահազանգում է
Ադրբեջանի իշխանությունները և մասնավորաբար նախագահ Իլհամ Ալիևը, անտեսելով միջազգային մարդասիրական ու մշակութապահպան կազմակերպությունների, պատմաբանների, հնագետների, պետական այրերի կոչերն ու հորդորները, շարունակում են կեղծիքի տարածման իրենց քաղաքականությունը՝ Արցախի դարավոր հայկական սրբավայրերը ներկայացնելով որպես «հին ուդիական կրոնական ժառանգություն»: Ակնհայտ է, որ Ադրբեջանը այս միջոցով փորձում է լուծել իր առջև դրված քաղաքական ծրագիրը՝ իր տիրապետության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր կառույցները հռչակելով ուդիական:
Հայ հանրությունը ցավով տեղեկացավ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու՝ «Կանաչ ժամ»-ի, ինչպես նաև միջազգային հայտնի լրատվամիջոցի՝ BBC-ի կողմից փաստարկված Մեխակավանի (Ջեբրայիլ) Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման մասին, որ տեղի է ունեցել ռազմական գործողություների ավարտից ամիսներ անց:
Օրերս էլ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին Իհլամ Ալիևը ալբանական հռչակեց, հայտարարելով, որ հայերը իբր կեղծել են եկեղեցու վրայի արձանագրությունները: Մինչդեռ պատմական իրողություն է, որ Ծակուռի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին XVII-րդ դարի կառույց է, հայկական Ծաղկավանք վանական համալիրից պահպանված միակ եկեղեցին։ Այս կերպ Ալիևը, շարունակելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, հող է ստեղծում հայ հոգևոր-մշակութային հուշարձանների յուրացման համար:
Հակառակ ադրբեջանական քարոզչամեքենայի պնդումների, պատմական փաստ է, որ Աղվանքը թե՛ իր հոգևոր և թե՛ մշակութային ժառանգությամբ որևէ առնչություն չունի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հետ: Աղվանքում է գործել հայ հոգևոր կենտրոններից մեկը՝ Աղվանից կաթողիկոսությունը, այդ մասին բազմաթիվ պատմական վկայություններ կան, այդ թվում՝ Պլինիոս Կրտսերի, Պլուտարքոսի, Կորյունի, Փավստոս Բուզանդի, Մովսես Կաղանկատվացու և վաղ շրջանի այլ հեղինակների գործերում:
Ադրբեջանի կողմից գրաված տարածքներում, որտեղից վտարվել է հայկական բնակչությունը, հազարավոր խաչքարեր, մատուռներ, եկեղեցիներ ու վանքեր, որպես հայ հոգևոր ժառանգության անձայն վկաներ, որոնք դարեր շարունակ կանգուն են եղել, դեռ սպասում են քրիստոնյա հայորդիների աղոթքին:
Խստորեն դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների այս քաղաքականությունը՝ վերստին կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը՝ կասեցնելու համաշխարհային ժառանգության մաս կազմող Արցախի հոգևոր-մշակութային հուշարձանների ոչնչացումը։
Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հանձնախումբ
25 մարտի, 2021 թ․