Տ. Հովնան արք. Տերտերյանը` ԱՄՆ Արեւմտյան թեմի նորընտիր առաջնորդ

Տ. Հովնան արք. Տերտերյանը`  ԱՄՆ Արեւմտյան թեմի նորընտիր առաջնորդ 07.05.2003

Մայիսի 3-4-ը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ թեմական տարեկան 76-րդ ժողովը, որի ընթացքում պատգամավորների մեծամասնության քվեով նոր թեմակալ առաջնորդ ընտրվեց Հայ Եկեղեցու Կանադայի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արք. Տերտերյանը: Իբրեւ Արեւմտյան թեմի 8-րդ թեմակալ առջնորդ Հովնան Սրբազանը հաջորդում է Գերշ. Տ. Վաչե Արք. Հովսեփյանին, որն իր 32-ամյա նվիրյալ ծառայությունից հետո կոչվել է հանգստի:

Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական գրով օրհնել եւ պաշտոնապես հաստատել է նոր թեմակալ առաջնորդի ընտրությունը:

Մայիսի 11-ին, Փասադենայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում Գերշ. Տ. Հովնան արք. Տերտերյանը կմատուցի առաջին Պատարագը` որպես թեմակալ առաջնորդ:

Տ. ՀՈՎՆԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Ծնվել է 1957թ. դեկտեմբերի 1-ին Բեյրութում (ավազանի անունը` Վահրամ):

Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի «Քառասնից մանկանց» վարժարանում:

1970-1975թթ. սովորել է Անթիլիասի դպրեվանքում եւ ավարտել Ժառանգավորաց վարժարանի հնգամայա շրջանը:

1976թ. ընդունվել է Սբ. Էջմիածնի հոգեւոր ճեմարան: 1980թ. ավարտել է ճեմարանը` պաշտպանելով ավարտաճառ` «Վրթանես Քերթող» թեմայով:

1978թ. ձեռնադրվել է սարկավագ:

1980թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Ամենայն Հայոց Տ.Տ. Վազգեն Ա Կաթողիկոսի:

1980-1983թթ. ուսանել է Օքսֆորդի համալսարանում (Անգլիա) եւ ստացել Աստվածաբանության ասպարեզում բակալավրի աստիճան: Վերադառնալով Մայր Աթոռ` Սբ. Էջմիածնի հոգեւոր ճեմարանում դասավանդել է Հայ Եկեղեցու պատմություն, Ընդհանրական Եկեղեցու պատմություն եւ երաժշտություն: Դասավանդմանը զուգահեռ պաշտպանել է վարդապետական թեզ «Եկեղեցական տոների ուղեցույց» («Տոնապատճառ») թեմայով:

1984թ. նշանակվել է Կանադայի Տորոնտո քաղաքի հոգեւոր հովիվ:

1987թ. Օքսֆորդի համալսարանում, ստացել է Աստվածաբանության ասպարեզում մագիստրոսի աստիճան:

1989թ© ստացել է ծայրագույն վարդապետության տասը աստիճաններ` պաշտպանելով թեզ «Հովվական աստվածաբանության պրակտիկ ձեռնարկ» թեմայով:

1990թ© մայիսի 25-26-ին Օնտարիոյի Սբ. Կատարինե եկեղեցում հրավիրված թեմական պատգամավորական ժողովի կողմից ընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ: (Այս պաշտոնում վերընտրվել է 1995 եւ 2000 թվականներին):

1990թ. Սբ. Էջմիածնի Մայր տաճարում« ձեռամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Տ.Տ. Վազգեն Ա-ի ձեռնադրվել է եպիսկոպոս:

1993թ. արժանացել է արքության պատվի:

2000թ. առաջնորդությանը համատեղ նշանակվել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի եկեղեցական գրասենյակի վարիչ-տնօրեն:

Նույն թվականից Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամ է:

Հովնան արք. Տերտերյանը հեղինակ է բազմաթիվ գրքերի ու հոդվածների:

2003թ. մայիսի 3-ին Բըրբենքում (Կալիֆորնիա) հրավիրված 76-րդ թեմական ժողովի պատգամավորների մեծամասնության քվեով ընտրվել է Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի 8-րդ թեմակալ առաջնորդ: