Տ. Բագրատ վրդ. Գալստանյանն ընտրվեց Կանադայի հայոց թեմի առաջնորդ
Մայիսի 31-ին Կանադահայոց թեմի 20-րդ պատգամավորական ժողովը ձայների մեծամասնությամբ նոր թեմակալ առաջնորդ ընտրեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան, Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Բագրատ վրդ. Գալստանյանին:
Ժողովը նախագահում էր թեմի նախկին առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը, որ վերջերս ընտրվել է ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ:
Հունիսի 3-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական գրով վավերացրեց նորընտիր առաջնորդի ընտրությունը:
***
Տ. Բագրատ վրդ. Գալստանյան
(Կենսագրական տեղեկություններ)
Տ. Բագրատ վարդապետ Գալստանյանը (ավազանի անունով` Վազգեն) ծնվել է 1971թ. մայիսի 20-ին Գյումրիում:
1978-1988թթ. սովորել է Երեւանի թիվ 156 դպրոցում:
1988թ. ընդունվել է Սուրբ Էջմիածնի հոգեւոր ճեմարան:
1993թ. դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Տ. Անանիա եպս. Արաբաջյանի:
1994թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է հոգեւոր ճեմարանը` պաշտպանելով ավարտաճառեր «Խոսրով եպիսկոպոս Անձեւացի. կենսագրական գծեր» եւ «Բացայայտութւին Կարգաց Եկեղեցւոյ. բնագիրն ու աստվածաբանությունը» թեմաներով:
1995թ. հունիսի 23-ին ձեռամբ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Գեւորգյան հոգեւոր ճեմարանում դասավանդել է եկեղեցական երաժշտություն եւ Սբ. Պատարագի մեկնություն առարկաները: Աշխատակցել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի խմբագրությանը:
1996թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր: Միաժամանակ դասավանդել է Սեւանի Վազգենյան դպրանոցում:
1998թ. մեկնել է Անգլիա` ուսումը կատարելագործելու Մըրֆիլդի «Սբ. Հարություն» աստվածաբանական քոլեջում եւ Լիդզի համալսարանում:
2000թ. հուլիսին, ավարտելով ուսումնառությունը, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ վերադարձել է Մայր Աթոռ եւ օգոստոսի 1-ից նշանակվել Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչ:
2002թ. պաշտպանել է վարդապետական թեզ «Հիվանդաց օծման խորհրդի խնդիրը Հայ եկեղեցում» թեմայով եւ ստացել վարդապետության աստիճան:
2002թ. հոկտեմբերին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ: