Տեղի են ունեցել Դամասկոսի հայոց թեմի Ազգային Գավառական ժողովի ընտրություններ
Դամասկոսի հայոց թեմի Առաջնորդարանի կողմից Մայր Աթոռ Սուրբ էջմիածին առաքված տեղեկագրի համաձայն սույն թվականի օգոստոսի 15-ին Դամասկոսի հայոց թեմի Առաջնորդարանում տեղի են ունեցել Ազգային Գավառական ժողովի (Թեմական ժողովի) ամբողջական կազմի ընտրություններ: Ընտրությունները կազմակերպվել են Դամասկոսի Ազգային քաղաքական ժողովի եւ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդի նախաձեռնությամբ եւ անցկացվել ըստ Ազգային Սահմանադրության կանոնների, Ընտրողական քննիչ հանձնախմբի հսկողության ներքո:
Նման ընտրություն, մասնակցությամբ Դամասկոսի ազգային բոլոր կազմակերպությունների, վերջին անգամ կազմակերպվել էր երեսուն տարի առաջ:
Նորակազմ Ազգային Գավառական ժողովը բաղկացած է քվեների առավելագույն ձայներով ընտրված տասնմեկ աշխարհականներից եւ Դամասկոսի Կրոնական ժողովի երկու եկեղեցականներից: Ըստ Ազգային Սահմանադրության Գավառական ժողովի նախագահն է Դամասկոսի Հայոց թեմի Առաջնորդ Տ. Արմաշ Վրդ. Նալբանդյանը:
Այսուհետ Ազգային Գավառական ժողովի նորընտիր անդամները Դամասկոսի Հայոց թեմի Առաջնորդի գլխավորությամբ կլծվեն թեմի պայծառացման ու բարգավաճման պատասխանատու ծառայությանը` ի փառս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: