Վրաց Եկեղեցու գահակալ Իլիա Բ-ն այցելեց Գիտությունների Ազգային ակադեմիա, խորհրդարան եւ Ծիծեռնակաբերդ
Մայիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Վրաց Պատրիարք Իլիա Բ-ն այցելեցին ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա: Ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, ողջունելով երկու հովվապետերի այցը, ներկայացրեց այն սերտ համագործակցությունը, որ գոյություն ունի Հայաստանի եւ Վրաստանի ակադեմիաների միջեւ, անդրադարձավ ԳԱԱ-ի գործունեությանն ու Հայ Առաքելական Եկեղեցու հետ ունեցած կապերին:
Իլիա Բ-ն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` նշելով, որ երկու ժողովուրդների միջեւ մշտապես առկա է եղբայրության ոգին: Ինչպես նկատեց Վրաց Պատրիարքը` երկու եկեղեցիներն էլ շարունակ եղել են գիտության հովանավորներ, որոնց վանքերը եւս դարեր շարունակ եղել են գիտության նշանավոր կենտրոններ: «Այն դժվարությունները, որ կրում են գիտնականները, դրանք մեր ժողովուրդների ներկայիս դժվարությունների մի մասն են կազմում: Եւ մենք ամեն կերպ պետք է օժանդակենք մեր երկու ժողովուրդների գիտնականներին»,- ասաց Վրաց Պատրիարքը:
«Հոգեւորականն ու գիտնականը մեր պատմության ընթացքին քայլել են կողք կողքի, սատարել եւ զորակցել միմյանց: Փառք եւ գոհություն ենք մատուցում, որ այսօր էլ ջերմ եւ սերտ հարաբերություններ են առկա մեր եկեղեցու եւ Ակադեմիայի միջեւ: Մենք մեր շնորհակալությունն ու գնահատանքն ենք բերում ձեզ այս ջերմ ընդունելության համար: Թող Աստված զորացնի եւ հաջողություններ պարգեւի ձեր գիտական կյանքում»,-ավելացրեց Ամենայն Հայոց Հայրապետը:
Ազգային ակադեմիայից երկու եկեղեցիների առաջնորդներն այցելեցին ՀՀ Ազգային Ժողով եւ հանդիպում ունեցան ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի հետ: Վերջինս ողջունեց երկու գահակալների այցը ԱԺ եւ կարեւորեց երկու եկեղեցիների համագործակցությունը:
Այնուհետեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վրաց Պատրիարք Իլիա Բ-ն այցելեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ծաղկեպսակներ զետեղելուց հետո երկու հայրապետների հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների: Հոգեհանգստի ավարտին տեղի ունեցավ ծառատունկ: