Վեհափառ Հայրապետն ընդունեց Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամներին

Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամներին, որ ներկայացնում են Հոլանդիան, Սաուդյան Արաբիան, Արգենտինան, Կանադան, Շվեյցարիան, Ֆինլանդիան եւ Պակիստանը:

Նորին Սրբությունը, ողջունելով նրանց այցը Մայր Աթոռ, բարձր գնահատեց Համաշխարհային բանկի ծառայությունը հասարակական, սոցիալական ոլորորտներում` մասնավորապես ընդգծելով ժողովրդի կյանքի բարելավման, երկրների տնտեսական զարգացման, աղքատության հաղթահարման ու խաղաղության հաստատման համար գործադրվող ջանքերը: Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց նաեւ ՀԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան եկեղեցի-պետություն հարաբերություններին, խոսվեց աղքատության նվազեցման նպատակով եկեղեցու կողմից իրականացվող ծրագրերի մասին: